Օտարազգի զբոսաշրջիկներն այսուհետ հնարավորություն կունենան տեսնել Արցախն այլ կողմերից
Արցախում զբոսաշրջությունն ակտիվ տեմպերով զարգանում է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այսօր զբոսաշջության ոլորտի զարգացման լուրջ ծրագրեր են իրականացվում Արցախում, և 2017 թվականին ոլորտում արձանագրված 66 տոկոս աճը խոսում է այն մասին, որ կառավարության մշակած ծրագրերը տալիս են իրենց դրական արդյունքները:
«Ոլորտում արձանագրված դրական միտումները հետևողական աշխատանքի արդյունք են: 2016 թվականի համեմատ նախորդ տարի արձանագրված զբոսաշրջիկների թվի 66% աճը ևս փաստում է, որ վերջին տարիներին Արցախի զբոսաշրջությունը զարգացման բարձր տեմպեր է արձանագրում»,- ասաց Արտակ Գրիգորյանը:
Նա միաժամանակ նշեց, որ 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զբոսաշրջիկների թիվը նվազել էր և այսօր կարող են ասել՝ վերականգնվել է ոչ միայն ապրիլյան պատերազմից առաջ եղած զբոսաշրջային ցուցանիշներն, այլև առաջ են անցել:
Արցախը տարեցտարի ավելի շատ երկրների զբոսաշրջիկների է հետաքրքրում: Այցելությունների թվով առաջին տեղում ՌԴ-ի քաղաքացիներն են, այնուհետև՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Լիբանանի:
«Այսինքն՝ այն երկրներն են, որտեղ հայկական մեծ համայնք կա, բայց Արցախ են այցելում ոչ միայն սփյուռքի մեր հայրենակիցները, այլ տարբեր նախասիրություններ ունեցող օտարազգի զբոսաշրջիկներ՝ հիմնականում այն ճանապարհորդները, որոնք նոր զգացողությունների, նոր զբոսաշրջային ուղղությունների փնտրտուքի մեջ են»,- ասաց Արտակ Գրիգորյանը:
Ըստ նրա՝ զբոսաշրջիկներին հատկապես հետաքրքրում է Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգությունը, սակայն մշակութային տուրիզմից բացի, օտարազգի զբոսաշրջիկներն այսուհետ հնարավորություն կունենան տեսնել Արցախն այլ կողմերից:
Այսպիսով, բացի պատմամշակութային հուշարձաններից, Արցախն իր այցելուներին կներկայանա նաև այլ ուղղություններով: Մասնավորապես, ըստ Արտակ Գրիգորյանի, այս տարի ընտրել են 5 զբոսաշրջային տեսակ, որոնք փորձելու են զարգացնել:
«Իհարկե, մշակութային տուրիզմը լինելու է զբոսաշրջության առաջնահերթ ձևերից մեկը, այնուհետև զարգացնելու ենք ագրոտուրիզմի, գաստրոտուրիզմի, իրադարձային և արկածային տուրիզմի ձևերը: Դա ենթադրում է տարբեր նախագծերի և ծրագրերի իրականացում: Օրինակ, նախատեսվում է մշակել Արցախի գինու ուղիներ՝ ներգրավվելով Մարտունիի և Հադրութիի գինու գործարանները: Մինչև 2020 թվականն ունենալու ենք առաջին զբոսաշրջային պրոդուկտը հենց գինու հետ կապված»,- նշեց Արտակ Գրիգորյանը:
Զբոսաշրջիկների համար մշակվում է նաև հատուկ ճաշացանկ՝ արցախյան ուտեստներով՝ ժինգյալով հաց, խաշիլ և այլն. «Արցախը տուրիստներին կգրավի ոչ միայն մշակույթով, բնությունով, արցախցու անմիջականությամբ, այլև յուրահատուկ ղարաբաղյան խոհանոցով, գյուղերով, գեղեցիկ գողտրիկ փողոցներով ու մարդկանց ինքնատիպ ապրելաձևով»: