ԵԱՀԿ ԽՎ նախագահը ողջունել է Հայաստանում քաղաքական ճգնաժամը լուծելու կառուցողական ջանքերը
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին հայտարարել է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և ողջունում է քաղաքական ուժերի ակտիվ երկխոսությունը:
«Հուսով եմ, որ առկա փակուղին կկարգավորվի քաղաքական արագ համաձայնության միջոցով, որպեսզի կառավարությունը կարողանա կենտրոնանալ Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների վրա: Կոչ եմ անում քաղաքական առաջնորդներին շարունակել ներգրավված մնալ խորհրդարանական երկխոսության մեջ, ինչպես նաև աշխատել քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ բավարար արդյունքի հասնելու համար, ինչը պետք է դիտարկվի երկրի քաղաքական մշակույթի զարգացման ավելի լայն գործընթացում», - նշել է նախագահը:
Նա ընդգծել է՝ հաղորդագրություններից պարզ է դառնում, որ «Ելք» և այլ դաշինքային ընդդիմադիր կուսակցություններ երկրորդ անգամ են առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում: Վերջին օրերին Փաշինյանը հանդիպել է Եվրամիության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Վրաստանի դեսպանների հետ՝ քննարկելու քաղաքական ճգնաժամը լուծելու համար ընթացող բանակցային գործընթացները:
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ծերեթելին հեռախոսազրույց է ունեցել խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ, քննարկել իրավիճակը և առաջարկել ԵԱՀԿ ԽՎ-ի աջակցությունը երկխոսության գործընթացում: Նա նաև խոսել է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ:
«Իմ զրույցները Հայաստանում խորհրդարանական գործընկերների հետ ամրապնդեցին իմ վստահությունը, որ Երևանի առաջատար քաղաքական գործիչները հավատարիմ են իրավիճակի կառուցողական լուծմանը: Ես ընդգծել եմ, որ բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն համապատասխան զսպվածություն և շարունակեն արդյունավետ երկխոսության ուղին», - նշել է Ծերեթելին:
Նա նաև ասել է՝ ներկայիս իրավիճակը հաջորդել է Երևանում և այլ քաղաքներներում շաբաթներով անց կացված փողոցային բողոքի ցույցերին: Վեհաժողովի նախագահը ընդգծել է, որ խաղաղ ցույցերը կարծիքներ արտահայտման կարևոր ուղի են, միաժամանակ խրախուսել է, որ քաղաքական երկխոսությունը տեղի է ունենա խորհրդարանական համակարգում: