«ՉԻ». Մի շարք դպրոցներում ակտիվ դրամահավաք է, որպեսզի քննությունները «հարթ» անցնեն
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով` այս օրերին մի շարք դպրոցներում ակտիվ դրամահավաք է: Ու չնայած պատասխանատուները հայտարարում են, թե բոլոր կրթօջախներում գումար հավաքելը արգելված է, այդուհանդերձ մեզ ահազանգող քաղաքացիները նշում են, որ մայրաքաղաքի դպրոցներում ավարտական քնննությունների համար մեծ գումարներ են պահանջում: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Աջափնյակ վարչական շրջանում Երևանի թիվ 122 ավագ դպրոցում յուրաքանչյուր աշակերտից տնօրենին համար որպես «մաղարիչ» պահանջում են 40 հազարական դրամ, որպեսզի քննությունները «հարթ» անցնեն և «նորմալ» գնահատականներ դրվեն ավարտական վկայականներում: Դպրոցում կա երեք ավարտական 9-րդ դասարան, որտեղ սովորում են 20-22 աշակերտ և գումարի չափի մասին կարելի է պատկերացում կազմել: Ահազանգողները նշում էին, որ քաղաքապետարանում տեղյակ են թիվ 122 դպրոցի տնօրենի «աշխատաոճին», նա քանիցս նկատողություն է ստացել նման գործելաոճի համար, բայց այդպես էլ մնացել է նույն պաշտոնում:
Փորձեցինք դրամահավաքության ահազանգի մասին մեկնաբանություն ստանալ նաև թիվ 122 դպրոցի տնօրենից: Ի պատասխան նա նշեց. «Ես տեղյակ չեմ դրամահավաքությունից: Ամեն տարի հենց այս օրերին նման զանգեր են հնչում մեր դպրոցի մասին, ես չգիտեմ, թե ո՞վ է զանգերի հեղինակը, բայց կարող եմ նորից ասել, որ նման բան չկա: Ես կարող եմ տալ 9-րդ դասարանների դասղեկների կոնտակտները, դուք կարող եք զրուցել նաև նրանց հետ: Ես ինքս 40 տարվա մանկավարժական փորձ ունեմ, հայրս եղել է թիվ 168 դպրոցի տնօրենը` իր գործի նվիրյալ, մայրս կոնսերվատորիայում է դասավանդել երկար տարիներ ու այդ ընտանիքում մեծացած լինելով ես չէի կարող նման բան թույլ տալ մեր դպրոցում: Երեկ մեր դպրոցում այբբենարանին նվիրված միջոցառում էր ու երբ ինձ ծաղիկներ նվիրեցին, ես անկեղծորեն ասացի, որ պետք չէր նման բան անել: Իսկ դուք ասում եք 40 հազար դրամ են հավաքում, նման բան չկա»,-իր խոսքը եզրափակեց տնօրենը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։