Ռուսաստանը չի ցանկանում Չինաստանի հետ միություն ստեղծել
Ռուսաստանը չի ստեղծում և մտադիր չէ ստեղծել Չինաստանի հետ ինչ-որ միություններ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովը։ «Դա չի համապատասխանում երկկողմ համագործակցության բնույթի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականին, որ հիմնված է հարցերի լայն շրջանակում մեր հայացքների համընկնելու կամ մոտ լինելու վրա»,- ասել է նա։
Դիվանագետը հավելել է, որ Չինաստանը խստորեն պահպանում է «ինչ-ինչ բլոկների չմիավորվելու» գիծը։ Մորգուլովի խոսքով՝ Մոսկվան և Պեկինը բազմիցս հանդես են գալիս միասնական դիրքից՝ իբրև գլոբալ և տարածաշրջանային հարցերում համախոհներ։ Դրանով հանդերձ՝ կողմերից յուրաքանչյուրն ունի իր տնտեսական հետաքրքրությունները, որոնք ոչ միշտ և ոչ ամեն հարցում են համընկնում։
«Առանձին դեպքերում երկու երկրների տնտեսական օպերատորների միջև մրցակցություն է առաջանում, ընդ որում՝ ուղիղ»,- ասել է փոխնախարարը։ Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հնարավորություն է գտել չմրցակցել Չինաստանի միջազգային ենթակառուցվածքային «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծի հետ։