Հայաստանում անցկացվող բողոքի ակցիաների ազդեցությունը զբոսաշրջային հոսքի վրա
Տուրօպերատորների ասոցիացիայի կայքը ներկայացրել է վերլուծություն՝ այն մասին, թե ինչպես են ազդել բողոքի ակցիաները ռուս զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելության վրա։ Չնայած մայիսի 2-ին օդանավակայանի ժամանակավոր արգելափակմանը, ռուս զբոսաշրջիկները դեռ Երևանից մեկնելու խնդիր չեն ունեցել։
Շուկայի խաղացողները նշում են՝ դեպի Հայաստան զբոսաշրջային տուրերի վաճառքը գրեթե դադարել են, թեպետ արդեն իսկ ամառվա համար ամրագրված տուրերը չեն զրոյացվում։ Բազմաթիվ ուղևորներ մայիսի 2-ին ստիպված են եղել մինչև օդանավակայան հասնել ոտքով, քանի որ ցուցարարները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Երեկոյան արդեն բոլոր ճանապարհները բացված էին։
«Դելֆին» և «Մուզենիդիս Թրեվըլ» տուրօպերատորները, վկայակոչելով իրենց հյուրընկալող կազմակերպություններին, հայտնել են, որ զբոսաշրջիկները Երևանից թռիչքի հետ կապված խնդիրներ չեն ունեցել։ Բոլոր էքսկուրսիոն ծրագրերը անցել են նախատեսվածի պես՝ նախապես մշակված օրակարգով։ Դրանցում, սակայն, մշտապես խմբագրումներ են մտցվել՝ պայմանավորված Երևանում փողոցների փակումով։
ՌԴ տուրօպերատորները նշում են, որ ներկայում Հայաստանում ցույցերը խաղաղ բնույթ են կրում։ «Առաջիկա օրերին՝ մինչև մայիսի 8-ին Հայաստանում անցկացվելիք նոր ընտրությունը, զբոսաշրջիկների համար նախատեսված երթուղիների մեջ որոշակի փոփոխություններ կմտցվեն։ Երևանում ու այլ քաղաքներում մասամբ փակվում և բացվում են որոշ փողոցներ, թեպետ բոլոր այդ գործողություններն ուղեկցվում են երգերով, պարերով և որևէ վտանգ չեն պարունակում։ Ներկայում միակ խնդիրը տեղաշարժման հետ է կապված, ինչի հետ կապված՝ մենք մեր զբոսաշրջիկների լիարժեք հանգիստն ապահովելու նպատակով էքսկուրսիոն ուղղություններում որոշակի փոփոխություններ ենք մտցրել»,- հայտնել են «Մուզենիդիս Թրեվըլ»-ից։
Ավելի վաղ տուրօպերատորները հայտնում էին մայիսյան տոներին դեպի Հայաստան նախատեսվող տուրերի գծով զրոյական վիճակի մասին։ «Որոշ զբոսաշրջիկներ խնդրում էին հետաձգել իրենց տուրերը, սակայն մեծ մասը, ամեն դեպքում, մեկնեց հանգստանալու։ Ամռանը նախատեսված տուրերը դեռ չեն զրոյացվում»,- ասել են «Դելֆին» կազմակերպությունում։
Դեպի Հայաստան տուրերի վաճառքն այս պահի դրությամբ նվազել է, որոշ տուրօպերատորների տվյալներով՝ մինչև անգամ զրոյացել։ Զբոսաշրջիկները ներկայում սպասում են՝ հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները Հայաստանում։