Ոստիկանության պաշտոնյան ոտքով հարվածել է քաղաքացու որովայնին
ՀՔԾ-ում ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված` դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու հանցագործության երկու դեպքերի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը:
Ծառայությունից մանրամասնում են, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար Հ. Ուլիխանյանը 2018 թվականի հունվարի 6-ին ավտոմեքենայով գնացել է Լոռու մարզի Շնող գյուղում գտնվող մթերային խանութ: Այդ ժամանակ նույն մարզի բնակիչ Ա. Մելիքսեթյանն իր ծանոթի հետ վերջինիս վարած ավտոմեքենայով մոտեցել են նույն խանութին և ավտոմեքենան կայանել Հ. Ուլիխանյանի ավտոմեքենայի հետնամասում: Խանութից դուրս գալով` Հ. Ուլիխանյանը Ա. Մելիքսեթյանին խնդրել է տեղաշարժել ավտոմեքենան, սակայն Ա. Մելիքսեթյանը, չհանդիսանալով ավտոմեքենայի վարորդը, հրաժարվել է այն տեղաշարժել, որի պատճառով վիճաբանություն է սկսվել նրանց միջև: Վիճաբանության ընթացքում Հ. Ուլիխանյանը ոտքով ուժգին հարված է հասցրել Ա. Մելիքսեթյանի որովայնին՝ դիտավորությամբ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Հայկ Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Սիսիանի էլեկտրական ցանցերի փոխտնօրեն Ա. Մարգարյանը հարվածել է Գ. Ղազարյանի գլխին և վերջինիս պատճառել ծանր մարմնական վնասվածքներ:
Այսպես, Ա. Մարգարյանը 2017 թվականի փետրվարի 23-ին տեղեկանալով, որ իր անասնաֆերմայի տարածքում անձնական խնդիրների շուրջ վիճաբանություն է սկսվել Սյունիքի մարզի բնակիչ Գ. Ղազարյանի և անասնաֆերմայի աշխատակից Ն. Զաքարյանի միջև, գնացել է վիճաբանության վայր: Այնտեղ Ա. Մարգարյանը մոտեցել է Գ. Ղազարյանին և վերջինիս մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ փայտով հարվածել նրա գլխին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Արմեն Մարգարյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերը նշված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան