Հավատարիմ ենք հայտարարությանը և կօժանդակենք, որ ամսի 8-ին ՀՀ-ն ունենա վարչապետ. Վահրամ Բաղդասարյան
«Մենք արել ենք հայտարարություն, մենք հավատարիմ ենք հայտարարությանը, և նկատի ունենալով մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի ձայները՝ կօժանդակենք այն բավարար ձայների քանակով, որպեսզի ամսի 8-ին ՀՀ-ն ունենա վարչապետ»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Հարցին, թե ինչպիսին կլինի ՀՀԿ-ի քայլերը՝ կապված Նիկոլ Փաշինյանի ներկայացվելիք կառավարության ծրագրի հետ, պատգամավորը նախ հորդորեց համբերել, հիմիկվանից չքննարկել. «Բազմահազար հայտարարություններ են եղել և դրանց 70 տոկոսը հետագա զարգացումներին չեն համապատասխանել»:
Հարցին, թե կարծիքներ կան, որ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը փոխեց մայիսի 1-ից հետո, քանի որ ցուցարարները պատգամավորների տների մոտ էին գնում, այսինքն՝ պատգամավորի անձին էր վտանգ սպառնում, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Բազմիցս նշել ենք՝ մենք հորդորում էինք, նաև ցույցը կազմակերպողները և մեր ընդդիմադիր գործիչները ևս հորդորում էին, որ պետք է գնանք սահմանադրական ճանապարհով: Այսինքն՝ պատգամավորին վտանգ սպառնալը սահմանադրական ճանապա՞րհ է, իհարկե՝ ոչ: Իսկ այն մտահոգությունները, որ հայտնել ենք ապրիլի 30-ին և մայիսի 1-ին, դրանք մնում են: Դրանք վերաբերում են արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանն ու երկրի անվտանգությանը»:
Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ տեսնելով, որ կազմակերպիչներն ու ցուցարարներն անդրդվելի են մնում, և եթե հայտարարություն չտարածեին, դա կնշանակեր, որ պարալիզացնում են ամբողջ քաղաքական համակարգը, ինչը վտանգավոր էր: «Մնալով նույն դիրքորոշմանը՝ այս իրավիճակը կարգավորելու համար քաղաքական որոշում ենք կայացրել, որպեսզի չխոչընդոտենք և օժանդակենք, որ ընտրվի վարչապետ։ Մենք խոսել ենք նաև պարոն Փաշինյանի հետ, նա վստահ է, որ իր աշխատանքով կարող է այդ մտահոգությունները փարատել: Դա քաղաքական դիրքորոշման շեղում կամ փոփոխություն չէ, պարզապես իրավիճակը կարգավորելու որոշում է, որ միտված է երկրի կայունացմանը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Դիտարկմանը՝ ՀՀԿ-ն պատրա՞ստ է լինել ընդդիմություն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ պատրաստ են. «Պատրաստ ենք լինել ընդդիմություն, որևէ մեկը երաշխավորված չէ, թե երբ կլինի ընդդիմություն և երբ իշխանություն: Մենք որևէ անգամ չենք խանգարելու մեր երկրի, մեր պետության հեռանկարային շահերին, երկրի անվտանգության խնդիրներին և ի տարբերություն նախորդ ընդդիմության՝ պատրաստ ենք տեսնել և գնահատել դրականը, իսկ բացասականի դեպքում՝ քննադատել և հրավիրել բանակցային սեղանի շուրջ»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուստամյան. Համաժողովրդական շարժումն այսօր իր մեջ կլանել է բոլորի ընտրազանգվածը
- Հայաստանում վաղվանից փոփոխությունների նոր սկիզբ կդրվի. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան