Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան
Աշխարհահռչակ հայ երաժիշտ, System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան։ Սիրված ռոք-երաժշտին դիմավորելու համար օդանավակայանի տարածքում հոծ բազմություն էր հավաքվել։
Թանկյանին դիմավորելու էր եկել նաև վարչապետի թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Հարցին՝ ինչ նշանակություն ունի Թանկյանի՝ Հայաստան կատարած այցը, նա պատասխանեց. «Կարևոր, տոնական»։
SOAD մենակատարը օդանավակայանից կմեկնի Հանրապետության հրապարակ, որտեղ նախատեսում է ելույթ ունենալ։ Թանկյանը նախապես արդեն տեղեկացրել էր՝ Հայաստանում համերգ չի լինի։
«Հայաստան, ահա մենք գալիս ենք: Բայց համերգ չի լինելու: Չգիտեմ, թե ով է նման բան հորինել»,- Instagram-ի իր էջում գրել էր նա։
Լրագրողների հետ զրույցում Թանկյանը տեղեկացրեց, որ շատ սփյուռքահայերի պես ինքը ևս մշտապես հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ «Հոգով-սրտով ամեն մարդ ձեզ հետ է»,- ասաց նա։
Ռոք-երաժիշտը տեղեկացրեց, որ մի փոքր հիվանդ է, ապա կատակեց, որ հայրենիքում թթի օղիով կլավանա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հույսեր կապու՞մ է վարչապետի թեկնածուի հետ, նա պատասխանեց. «Միշտ Նիկոլի վրա աչքներս պիտի պահենք՝ որպեսզի նա մեզ չհուսահատեցնի»։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ մտափոխվի և համերգ տա, նա ժխտական պատասխան տվեց. «Ուրիշ կարևոր գործեր կան»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան