Հայաստանում վաղվանից փոփոխությունների նոր սկիզբ կդրվի. Մարուքյան
«Վաղվանից Հայաստանում փոփոխությունների նոր սկիզբ կդրվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Անհրաժեշտ բոլոր ստորագրությունները հավաքված են, վաղը կգումարվի ԱԺ հատուկ նիստ և Նիկոլ Փաշինանը կընտրվի ՀՀ վարչապետ։ Սրանով Հայաստանում փոփոխությունների նոր սկիզբ կդրվի: Իշխանության ղեկը փոխանցվում է ընդդիմությանը և երկրում տեղի է ունենում իշխանափոխություն»,- նշեց նա:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ մարդկանց հույսերն արդարացնեն. «Բոլորս մեր տեղում պետք է ամեն բան անենք, որ Հայաստանն այլևս չունենա այն արատավոր երևույթները, որը մենք ունեինք, քննադատում էինք և մինչ օրս էլ դրանք կան։ Խորքային, համակարգային բազմաթիվ խնդիրներ կան և դրանց պետք է տալ համակարգային լուծումներ»:
Ըստ նրա՝ «Ելք» խմբակցությունն ամեն ինչ անելու է թավշյա հեղափոխության կապիտալիզացիայի և Հայաստանի քաղաքացիների կյանքի դեպի դրական փոփոխությունների համար:
Անդրադառնալով «Ելք» դաշինքի ճակատագրին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ դաշինքը կա և այս պահին ապագայի մասին քննարկումներ չկան:
Իսկ թե ինչու իրենք սկզբից փողոցում չէին հարցին, պատգամավորը նշեց՝ իրենք միշտ ասել ենք, որ պետք է պայքարել ոչ թե անձերի, այլ՝ համակարգի դեմ։ «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այդ պայքարը վերածվեց նաև համակարգային պայքարի, քանի որ նրան ուզում էր փոխարինել Կարեն Կարապետյանը, բայց երբ համակարգային պայքար դարձավ, ապա մենք նույնպես եղանք փողոցում: Իսկ մինչ այդ, մենք ունեցել ենք դերակատարում, բայց ես չեմ ցանկանա դրա մասին խոսել, քանի որ ինչ արել ենք, բոլորը տեսել են»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց նաև, որ թավշյա հեղափոխությունն աննախադեպ էր, այն անհամեմատելի է հետխորհրդային տարածքում եղած որևէ հեղափոխության հետ: Ըստ նրա՝ եթե վրացական հեղափոխությունը մինչ օրս համարվում էր ամենահաջողակը, ապա այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, առաջ է անցել բոլորից:
Սակայն, ըստ պատգամավորի, այստեղ կարևոր է շարունակությունը. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա կապիտալիզացնենք։ Մենք մտնում ենք ավելի բարդ փուլ»:
Էդմոն Մարուքյանը նաև ասաց, որ հեղափոխության բոլոր կանոններով ՀՀ վարչապետը պետք լինի Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ տարաձայնություն չկա, ով նախաձեռնել է, կազմակերպել է, հավատացել է դրան և սկսել է ամեն ինչը, հենց նա էլ պետք է հնարավորություն ու պատասխանատվություն ստանա այդ փոփոխություններն իրականացնելու համար»,- ընդգծեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան