Արա Բաբլոյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։
ԱԺ հանրային կապերի վարչությունից ներկայացնում են պատասխանն ամբողջությամբ.
«Անշուշտ գնահատելի է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը կապված պատգամավորների հրաժարականների հետ: Իհարկե, անհրաժեշտ է, որպեսզի բոլորս առաջնորդվենք Սահմանադրությամբ` չխախտելով օրենքի տառը: Որպես Ազգային ժողովի նախագահ` մշտապես գործել եմ հենց այդ սկզբունքով, անգամ ամենաբարդ իրավիճակներում: Ինչ վերաբերվում է հրաժարական ներկայացրած պատգամավորներին, ապա Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ խմբակցության որևէ պատգամավորի նկատմամբ հրաժարական ներկայացնելու որևէ պահանջ չի դրվել:
Պատգամավոր Գրիգոր Ավալյանի հրաժարականն իր անձնական որոշումն է՝ իր համոզմունքներին համապատասխան, որի իրավունքը պատգամավորին վերապահված է Սահմանադրությամբ: Իհարկե, խոսել եմ նաև պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ: Հորդորել եմ չշտապել, օգտվել Սահմանադրությամբ վերապահված՝ հրաժարականը չհաստատելու իրավունքից, սակայն պարոն Վարդանյանը պնդել է, որ այդ որոշումն անձնական է՝ հիմնված սկզբունքների և համոզմունքների վրա: Այդ մասին վերջինս հանդես է եկել նաև հայտարարությամբ:
Սահմանադրության համաձայն՝ այժմ մեզ մնում է միայն սպասել, որից հետո արձանագրել փաստերը:
Հույս ունեմ, որ այսուհետ ևս կառաջնորդվենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ»։
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «ես դիմում եմ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և անձամբ վերջինիս նախագահ Արա Բաբլոյանին` հորդորելու հրաժարական ներկայացրած պատգամավորներին` ետ վերցնել իրենց դիմումները, քանի որ նրանք այդ քայլը կատարել են ոչ թե ինքնակամ, այլ իրենց կուսակցությունների պարտադրանքով»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել
- ԱԺ-ում բոլորը հրաժարվել են 013 HH 01 պետհամարանիշից. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան