Սկսվում է համբերության ժամանակը. Սերժ Թանկյան
System of a Down խմբի հայազգի մենակատար, աշխարհահռչակ Սերժ Թանկյանը Հանրապետության հրապարակում իր ելույթը սկսեց հավաքվածների «դու-խով» բացականչությունների ներքո: Նա ասաց, որ թեպետ ֆիզիկապես փոքր-ինչ ուշացավ, բայց հոգեպես մշտապես Հայաստանում է եղել, և ոչ միայն ինքը, այլև ողջ սփյուռքահայությունը:
Թանկյանն իր երախտիքի խոսքը հայտնեց բոլոր նրանց, ովքեր խաղաղ ցույցերով պարծանքի արժանի հայրենիք ստեղծեցին:
«Ողջ աշխարհը ձեզ է նայում իբրև դրական օրինակ: Երգով, պարով ու ժպիտով հասաք ձեր նպատակին: Աշխարհը տարիներ շարունակ մեզ ճանաչում է Ցեղասպանությամբ, երկրաշարժով և պատերազմով, բայց այժմ այս շարժումով դուք բարձրացրիք մեր ամբողջ հայ ժողովրդի վարկանիշը»,- ասաց նա:
System of a Down խմբի մենակատարը նշեց, որ հպարտ է լինել հրապարակում՝ հայրենակիցների կողքին կանգնած: Նա հիշեցրեց՝ երբ տարիներ շարունակ իրեն ասում էին՝ Սերժ, արի Հայաստան, և հարյուր հազար ժողովուրդ կհետևի քեզ, իր պատասխանը միշտ նույնն էր. «Երբ հայ ժողովուրդը պատրաստ լինի կանգնելու, ոչ Սերժ Թանկյանի կարիքը պիտի ունենա, ոչ էլ այլ անձանց»:
Ռոք-երաժիշտը հայտնեց, որ եկել է՝ հետևելու և աջակցելու՝ կերտել երազանքի մի հայրենիք:
«Հիմա սկսվում է համբերության ժամանակը, այսինքն՝ գործը նոր է սկսվելու, պետք է շարունակենք բարեփոխումներով ու ներդրումներով, քանի որ արարության ճամփան մի քանի հաղթանակով չի կերտվում»,- ասաց նա:
Ու թեպետ նախապես հայտարարել էր, որ համերգ չի լինելու, բայց մի երգ Թանկյանն, ամեն դեպքում, կատարեց: Նա առանց նվագակցության երգեց «Բարի արագիլ»-ը, և նրան ձայնակցեց հրապարակը:
«Ելք» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը փակագծեր բացեց՝ ասելով, որ օդանավակայանից հրապարակ ճանապարհին փորձել է համոզել Սերժ Թանկյանին՝ մշտական բնակություն հաստատել հայրենիքում: Թանկյանը խոստացել է, որ կմտածի այդ մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին