Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա-ն շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Սիրելի՛ պարոն Փաշինյան,
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից Հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով ու ազգային վառ ապրումներով ողջունում ենք Ձեր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելը», - ասված է շնորհավորական ուղերձում։
Արամ Ա-ն ուղերձում նաև նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ՀՀ վարչապետից ակնկալում է Հայաստան-Սփյուռք համագործակցությանը նոր ծավալների ու որակի հաղորդում ու այդ ամենն իր գործունեության շարժիչ ուժը դարձնելու կամք։
Ուղերձն ամբողջությամբ կաթողիկոսարանի պաշտոնական կայքում։
Շնորհավորական ուղերձ է հղել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ներկայացրած ուղերձում ասված է.
«Մայիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել տիար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:
Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասված է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձեզ Մեր շնորհավորանքներն ու օրհնությունը:
Պատասխանատու այս պաշտոնին Դուք կոչվում եք երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում՝ հանրային լայն շրջանակների աջակցությամբ, քաղաքական ընդարձակ խորհրդակցությունների արդյունքում:
Լիահույս ենք, որ նախանձախնդիր ու հետևողական ջանքերով պիտի նպաստեք մեր երկրում կայունության հաստատմանը և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ հանուն մեր հայրենիքի զորացման ու առաջընթացի»:
Հաջողություններ մաղթելով նորընտիր վարչապետին հայրենաշեն ու ազգօգուտ իր ծրագրերի ու նախաձեռնությունների իրագործման ճանապարհին՝ Նորին Սրբությունը հայցել է Բարձրյալին խաղաղության ու բարօրության մեջ պահել Հայոց երկիրն ու հավատավոր ժողովրդին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան