ԿԳՆ-ն ու դպրոցները ամենևին մտահոգված չեն
2017-2018 ուսումնական տարին մոտենում է ավարտին: Մեկ ամսից էլ քիչ է մնացել ուսումնական ծրագրի ավարտին ու ավարտական քննությունների մեկնարկին։ Թե ինչպե՞ս են վերջին շաբաթների ներքաղաքական իրադարձությունները, դասադուլներն ազդել դասապրոցեսի վրա, արդյոք հասցնու՞մ են դպրոցները ծրագրին և քննություններին, Panorama.am-ը հետաքրքրվեց դպրոցներից։
«Հաճախելիությունը վատ չի եղել, սակայն պիկ օրերին, երբ որ հանրահավաքներ էին լինում, մի փոքր քիչ են հաճախել, բայց ընդհանրապես դասերը «պրավալ» չեն գնացել, ուսումնական ծրագրի շեղում չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի Նար-Դոսի անվան h.14 hիմնական դպրոցի փոխտնօրեն Լիաննա Ղարիբյանը։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ իրենք սովորական դասաժամերով են անցկացնում դասպրոցեսը, լրացուցիչ ժամեր ավելացնելու անհրաժեշտություն դեռևս չունեն. «Բայց եթե հրահանգ լինի, կավելացնենք»։
Ինչ վերաբերում է այսօրվա դասապրոցեսին, փոխտնօրենն ասաց, որ բացականեր կան, դպրոց է հաճախել շուրջ 60 աշակերտ. «Այս պահի դրությամբ որոշ դասարաններում դաս կա»։
Երևանի հ. 91 հիմնական դպրոցի տնօրեն Էլիանորա Ղալումյանը ևս նշեց, որ բացակայություններ եղել են վերջին իրադարձությունների հետ կախված, սակայն ուսումնական ծրագրից հետ ընկնելու մտավախություններ չուներ։
«Բոլոր առարկաներից ծրագրերն ի սկզբանե այնպիսին են, որ վերջին տասն օրվա ընթացքում կրկնություններ ունենք, դրա շնորհիվ ծրագրերը թերի չեն կատարվում։ Եթե բացթողումների օրերը վերցնենք և կրկնությունների բաժիննները ճիշտ օգտագործում ենք, լրացուցիչ էլ ժամերն ենք ավելացնում, ոչ մի հարկ չի լինի քննությունները հետաձգել»,- ասաց տնօրենը։
Ղալումյանը նշեց, որ այսօր էլ բացակայությունները շատ են, բայց աշակերտների կեսից ավելին եկել է դպրոց. «Դպրոց եկած աշակերտների համար դասապրոցես կա, եթե ծնողն ուղարկել է, մենք իրավունք չունենք դաս չանելու»։
Իսկ Ստեփան Շահումյանի անվան հ.1 հիմնական և Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցներից մեր հարցերին չպատասխանեցին՝ պատճառաբանելով, որ այդ պահին տնօրինությունից տեղում մարդ չկա։ Րաֆֆու անվան հ.36 հիմնական դպրոցից էլ ընդհանրապես մեր զանգերին չպատասխանեցին։
Դասապրոցեսի ընդհատման խնդրի շուրջ Panorama.am-ը զրուցեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ, ով ոչինչ չավելացրեց՝ հիշեցնելով միայն մայիսի 3-ին ԿԳՆ տարածած հայատարարությունն այն մասին, թե իրենք դիմել են ուսհաստատություններին՝ բաց թողնված դասաժամերը լրացնելու համար։
Նշենք, որ չնայած ԿԳՆ այս հայտարարությանը, երեկ ևս որոշ դպրոցներից զանգահարել և ծնողներին ասել են, որ այսօր դասապրոցես չի լինելու։ Այս մասին սոցիալական ցանցերում իրենց մտահոգություններ էին հայտնել որոշ ծնողներ։
Այսօրվա դասապրոցես չլինելու հետ կապված Աշոտ Արշակյանն ասաց. «Նախարարությունից ճշտվում են, թե որ դպրոցներն են այդպիսի հայտարարություններ արել։ Այսօր դաս կա, նախարարությունից որևէ մեկն այդպիսի հայտարարություն չի արել»։
Նշենք, որ ԿԳՆ սահմանել է պետական ավարտական քննությունների ժամանակցույցը։ 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները՝ «հայոց լեզու և գրականություն» (գրավոր) - հունիսի 6-ին,մաթեմատիկա (գրավոր) - հունիսի 13-ին,հայոց պատմություն (գրավոր) - հունիսի 20-ին,ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) – ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք):
9-րդ դասարանի ավարտական քննությունները՝հայոց լեզու և հայ գրականություն (գրավոր) - հունիսի 4-ին, գրականություն (բանավոր) - հունիսի 7-ին, մաթեմատիկա (գրավոր) - հունիսի 11-ին, օտար լեզու (բանավոր) - հունիսի 14-ին, բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) (գրավոր) – հունիսի 18-ին, հայոց պատմություն (բանավոր) – հունիսի 21-ին, ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) – քննաշրջանի ընթացքում:
4-րդ դասարացիների գիտելիքները կստուգվեն երկու առարկայից՝ մայրենի (գրավոր) – հունիսի 2-ին, մաթեմատիկա (գրավոր) – հունիսի 5-ին:
Հարակից հրապարակումներ`
- Միասնական քննություններին նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ
- ԿԳՆ-ն դիմել է ուսհաստատություններին բաց թողնված դասաժամերը լրացնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան