Վահրամ Բաղդասարյան. Դուք հատել եք անձնականի սահմանը, թույլատրելիի սահմանը
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մինչ խմբակցության անունից ելույթ ունենալը շնորհակալություն հայտնեց օրենսդիր մարմնի անդամներին, որ չեն ենթարկվել Նիկոլ Փաշինյանի՝ երեկոյան հնչեցրած հորդորին ու եկել են բնականոն աշխատանքն ապահովելու համար:
«Հակառակ դեպքում մենք այլ պատկեր կունենայինք»,-ասաց Հանրապետական պատգամավորը:
Նա նշեց՝ չի ցանկանում արձագանքել ավելի վաղ հնչած ելույթներին, ցանկանում է հորդորել որոշ գործընկերների՝ խոսեն միայն իրենց ու իրենց քաղաքական ուժի անունից, կարծիքներ չհայտնել, թե որ քաղաքակն ուժն ինչպես է վարվելու հետագայում:
Պատգամավորի խոսքով, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը կորոշի անելիքը, իսկ ՀՀԿ-ի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա:
«Այն, ինչ ասել եմ նախորդ ելույթներում, ճեպազրույցների ժամանակ մեր խմբակցության դիրքորոշման վերաբերյալ, պետք է կրկնեմ նույնը»,-ասաց խմբակցության ղեկավարը:
Վ. Բաղդասարյանն ընդգծեց, որ հանրապետության տարածքում աննախադեպ իրավիճակ է, մարդիկ դուրս են եկել իրար դեմ, հասարակությունը բաժանվել է սպիտակների ու սևերի, ամենուր թշնամանքի մթնոլորտ է:
«Ապրիլի 30-ին, այնուհետև մայիսի 1-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին Հանրապետական պատգամավորներն ուղղում էին հարցեր՝ բազմաոլորտ ու բազմաշերտ, բազմաբովանդակ: Այդ հարցերը տրվում էին հետևյալ պատճառով. մենք պատասխանատվություն ենք կրում մեր երկրի անվտանգության համար, մեզ հետաքրքրում է մեր երկրի արտաքին վեկտորի, տնտեսական զարգացման, ավանդական արժեքների պահպանման հարցը: Մեզ համար չափազանց կարևոր էր հասկանալ, արդյոք վարչապետի թեկնածուն պատրաստ էր իր ուսերի վրա վերցնել այդ բեռը, թե մեր ժողովուրդը մոտ ապագայում ապրելու է իսկական քաոսի մեջ: Ասեմ, որ այդ մտավախությունները չվերացան, Աստված տա՝ սխալվենք»,-ասաց նա:
Նա հիշեցրեց խմբակցության հայտարարությունը՝ կօժանդակեն Հայաստանի վարչապետի ընտրության հարցում:
«Խնդրում եմ տարբերել այս հայտարարությունը նախորդից, ոչ միայն չի խոչընդոտի, այլև՝ կօժանդակի: Մենք հավատարիմ ենք մեր խոսքին: Մինչ այդ ուզում եմ մի բան ասել՝ մեզ համար անընդունելի է թշնամանքի մթոնոլորտը, որը տիրում է ամենուր: Սեր և անդուրժողականություն բառերի տակ քողարկելով՝ իրողությունը չենք փոխի: Ընդ որում ժանրի կանոնների համաձայն, Դուք և Ձեր թիմի անդամները դատապարտեցիք, բացասաբար վերաբերվեցիք, ցավ ապրեցիք: Կներեք, չենք հավատում, հատկապես որովհետև այդ դատապարտողներն են կանգնած ամենակեղտոտ ու ամենաստոր արարքների հետևում: Դուք հատել եք անձնականի սահմանը, թույլատրելիի սահմանը, և դժվար թե քաղաքականությամբվ դա մաքրեք »,-ասաց նա:
Նա հորդորեց՝ հանուն Հայաստանի ու հայ ազգի ապագայի փորձել վերացնել այս համատարած ատելությունը, այն խոչընդոտում է մարդկանց բնականոն գործունեությանը, կենցաղին, կյանքին.
«Դա խոչընդոտում է մեր հետագա համատեղ համագործակցությանը: Մի խառնեք այս ամենին դպրոցահասակ երեխաներին, ատելություն մի սերմանեք մեր ապագա սերունդների մեջ, քաղաքականությունը մի տարեք դպրոց:
Եվ վերջում, բարեկամական խորհուրդ, հորդրոր, խնդրանք: Պարոն Փաշինյանը, Դուք կընտրվեք Հանրապետության վարչապետ: Ընդամենը մի փոքր անց դուք և ձեր ստեղծած կառավարությունը կզգաք այդ աշխատանքի հսկայական ծավալը, ծանրությունն ու դժվարությունները, որը տարիներ շարունակ իրենց վրա էին տանում Ձեր կողմից պատեհ ու անպատեհ քննադատված կառավարությունները:
Համոզված եմ, շատ կարճ ժամանակ անց՝ կընդունեք, որ Ձեր կողմից շատ հաճախ վիրավորական քննադատությունների մեջ, որոնցից շատերը հատում էին նաև թուլատրելիի սահմանները, սխալվել եք:
Համոզված եմ՝ կունենաք ազնվություն, գիտակցելու և հայտարարելու, որ ոչինչ հեշտ չէ, չգնահատելը ճիշտ քայլ չէր: Եթե համոզվեք ասածներիս մեջ, կունենաք նաև համարձակություն ներողություն խնդրելու ժողովրդի այն հատվածից, որոնք ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտում են իրենց պատկերացրել և ատելություն ու թշնամանք են տարածել շուրջ բոլորը՝ չափ ու սահմանն անցնելով: Րոպե անգամ չեն մտածել, որ իրենց կողմից ամենաստոր վիրավորանքների արժանացած պատգամավորներն էլ ունեն ընտանիքներ, ընկերներ, երեխաներ, համակիրներ»:
Ավարտելով ելույթը, Վ. Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ի համար կարևոր է երկրի կայունության հաստատումը, իրավիճակի կարգավորումը, ինչպես խոստացել են՝ կօգնեն Փաշինյանին ընտրվել վարչապետ:
«ՀՀԿ դիրքորոշումը միասնական է, կուսակցությունը դեմ է, սակայն Հանրապետական խմբակցությունից 10+1 անձ կքվեարկեն Փաշինյանի օգտին: Այդ տասը անձինք ևս կիսում են ՀՀԿ դիրքորոշումը, պարզապես մենք հորդորել ենք, խնդրել ենք մեր գործընկերներին քվեարկել կողմ, որպեսզի ապահովենք մեր խոստման իրականացումը, նրանց չանձնավորեք, չդիտեք անկախ պատգամավորներ: Նրանց փոխարեն կարող էր լինել այլ տասը»,-ասաց Բաղդասարյանը՝ հույս հայտնելով, որ Փաշինյանը ԱԺ-ին կներկայացնի կառավարության տրամաբանական ծրագիր, իսկ իրենք կարող են համագործակցել:
Հարակից հրապարակումներ`
- Ատելությանը խոտորնակ
- Գրասենյակ. «Գլորիա»-ի աշխատակիցներից շատերը Վահրամ Բաղդասարյանի ազգականներն են
- Ռուբեն Բաբայան. Մենք պետք է կաթիլ առ կաթիլ ատելությունը վերացնենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան