«Ժողովուրդ». Փաշինյանի օգտին կողմ քվեարկողները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը: Դրանից անմիջապես հետո կուսակցության կենտրոնական գրասենյակում հավաքվել էին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորները: Ինչպես պնդում են մեր աղբյուրները` ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցվել է, թե իրենց խմբակցության որ պատգամավորն այսօր ԱԺ հատուկ նիստում ինչպես է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այնուհետև ՀՀԿ պատգամավորներին ներկայացվել է «ցուցակը»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանի օգտին քվեարկելու է ՀՀԿ-ական 12 պատգամավոր: Կողմ քվեարկողները մեծամասամբ կլինեն գործարար հատվածից, ինչպես նաև անկուսակցականները:
«Այսպիսով` ամենայն հավանականությամբ կողմ քվեարկող պատգամավորներն են լինելու՝ Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Արթուր Գևորգյանը, Սեյրան Սարոյանը, Նահապետ Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը, Տաճատ Վարդապետյանը, Հարություն Կարապողոսյանը, Արկադի Համբարձումյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, և, վերջապես, Ֆելիքս Ցոլակյանը, որը նախորդ նիստում ևս կողմ էր քվեարկել: Սակայն այս ցանկում կարող են փոփոխություններ լինել: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության քաղաքական մասին` Էդվարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Արմեն Աշոտյան, Գալուստ Սահակյան և այլք, նրանք դեմ են քվեարկելու ընդդիմադիր առաջնորդին:
«Ժողովուրդ»-ին երեկ նաև լուրեր հասան, որ 12 ՀՀԿ-ականների` Փաշինյանի օգտին կողմ քվեարկելը ներկայացվել է որպես այս օրերին առանց այն էլ վարկաբեկված կուսակցության դեմքը փրկելու վերջին քայլ, թասիբի հարց: Նկատենք, որ հիմա ՀՀԿ-ն իսկապես կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. կա՛մ կընտրի ժողովրդի թեկնածուին` փրկվելով համաժողովրդական ալիքի կործանիչ հարվածից, կա՛մ, ընդհակառակը, կփորձի տապալել այդ գործընթացը և առհավետ կհայտնվի քաղաքական աղբանոցում: Հուսանք` մայիսի 1-2-ի իրադարձություններից համապատասխան հետևություններ արել են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան