Վաղը Երևանում «Հայաստանի Անմահ գունդ» քայլերթ կիրականացվի
«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, մեր փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդն և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով ս.թ. մայիսի 9-ին Երևանում անցկացնելու է «Անմահ գունդ» խորագրով քայլերթ:
Կազմակերպիչների փոխանցմամբ, ակցիան մեկնարկելու է մայիսի 9-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի «Ազատության» հրապարակից: Քայլերթի մասնակիցներն, ինչպես նախորդ տարի, իրենց հետ տանելու են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:
Քայլերթին մասնակցելու են ՀՀ և Արցախի ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերաններ և այլոք:
Ակցիայի նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին հիշողությունը:
Ակցիան կմեկնարկի Ազատության հրապարակից ժամը 13:00-ին, որից հետո քայլերթը կանցնի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Նալբանդյան փողոցով դեպի Թումանյան փողոց և կավարտվի «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: