Բակո Սահակյան. Վճռորոշ պահերին մենք կարողացել ենք համախմբվել և պաշտպանել համազգային շահը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարևության ներկայացրած ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ։
Մայիսի 9-ը վաղուց արդեն դարձել է մեր հերոս ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Պատմությունը մեկ անգամ չէ ապացուցել, որ տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի համար վճռորոշ պահերին մենք կարողացել ենք համախմբվել և պաշտպանել համազգային շահը, մեր հողն ու օջախը, ընտանիքն ու երեխաներին։ Մեր ժողովրդին դա հաջողվել է իր խիզախության ու արիության, հայրենիքի հանդեպ անսահման սիրո և նվիրվածության, իր միասնականության ու անսասան կամքի շնորհիվ:
Մենք միշտ հիշում ենք մեր հերոս հայրերի ու պապերի սխրագործությունները Մեծ Հայրենականում, մենք դաստիարակվել ենք նրանց օրինակով ու նաև այդ օրինակով էլ ոգեշնչված ազատագրել ենք Շուշին, հայկական հինավուրց բնակավայրերը և կերտել ազատ ու անկախ պետականություն:
Մեր ժողովրդի հերոսական ավանդույթներն այսօր շարունակում է անկախության սերունդը, շարունակում է պատվով ու վստահորեն՝ հարստացնելով մեր տարեգրության հաղթական էջերը։
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Այս տոնական օրը ես շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում: Թող մայիսյան նվիրական հաղթանակները միշտ ուղենիշ լինեն մեր ժողովրդի համար և տանեն դեպի նոր նվաճումներ ու ձեռքբերումներ։ Բոլորիս մաղթում եմ խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան