Վիգեն Սարգսյան. Ես զարմացած եմ Դավիթ Տոնոյանի արձագանքից
«Դավիթ Տոնոյանի հետ մենք երկար ճանապարհ ենք անցել: Ավելի քան 19 տարի ծանոթ ենք: Նա շատ լավ գիտի պաշտպանության նախարարությունը, երկար տարիներ ծառայել է, ունի փորձ, գիտելիքներ: Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ որպես պաշտպանության նախարար տեսնել Դավիթ Տոնոյանին»: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնում ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հնարավոր թեկնածության ու նշանակման մասին հարցին:
Վ. Սարգսյանը նշեց, եթե Տոնոյանը նշանակվի պաշտպանության նախարար, ապա կունենա համեմատության եզրեր, հնարավորություն կունենա գնահատել վերջին մեկ ու կես տարվա ընթացքում իրականացված աշխատանքն ու դրա արդյունավետությունը: Այս առումով Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծեց իր դիրքորոշումը, որ նախարարը վարձու աշխատող չէ, անկախ այն բանից՝ կուսակցական է, թե ոչ, նա համարվում է քաղաքական թիմի անդամ:
«Ես, ճիշտն ասած, մի փոքր զարմացած էի Արարատ Միրզոյանի հնչեցված առաջարկին հետևած Դավիթ Տոնոյանի արձագանքից, որովհետև դա նշանակում է, որ լինելով կառավարության ներսում, բաց թողնել դռները բանակցությունների համար: Ես երբեք այդպես չեմ արել, համարում եմ դա ինձ համար տաբու, բայց մարդիկ տարբեր ձև են մտածում, տարբեր ձև են ապրում, դա իր անձնական ընտրությունն է եղել, նա կողմնորոշվել է այդպես»,-նշեց նա:
Վիգեն Սարգսյանի խոսքով, այս պահին ՊՆ աշխատակազմով նոր նախարարի ու նրա թիմի համար պատրաստում են մի վարժություն, որը մինչ այս երբևէ չի արվել:
«Ես դա ասում եմ որպես պետական կառավարման համակարգում երկար տարիներ ծառայած մարդ: Մենք պատրաստում ենք մոտ տասը ժամանոց բրիֆինգ նոր նախարարի ու իր թիմի համար՝ ըստ ուղղությունների, ըստ խնդիրների, ըստ ծրագրերի»,-տեղեկացրեց նախարարի պաշտոնակատարը:
Նրա խոսքով, յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ իրենք գիտեն օրենսդրական առկա կարգավորումները, ֆինանսավորման աղբյուրները. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ նոր նախարարն ու իր թիմը հաջողեն, որովհետև դա կլինի մեր ընդհանուր հաղթանակը: Կարծում եմ՝ որևէ մարդ, որ գոնե մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի նվիրել է երկրի պաշտպանության գործին, պետք է առնվազն ոչ ադեկվատ լինի, որպեսզի չերազի, որ իր հաջորդն իրենից ավելի արդյունավետ լինի»:
Վ. Սարգսյանը նշեց, որ հետագայում էլ իր մասնագիտական գիտելիքներով ու փորձով պատրաստ է օգնել հաջորդ նախարարին, մտածում է նաև մանկավարժական գործունեությունը վերականգնելու, ընտանիքին մի փոքր ժամանակ հատկացնելու մասին:
«Առաջին անգամ կկարողանամ պլանավորել լիարժեք արձակուրդ, որովհետև վերջին 23 տարիներին նման արձակուրդ չեմ ունեցել: Մի փոքր ավելի շատ ժամանակ կհատկացնեմ սիրելի զբաղմունքներիս, նաև ընթերացանությանը, ընկերներիս հետ շփվելուն: Այնպես որ, այն իր մեջ դրական շատ բաներ ունի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը 2010-2016 թթ. եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 2017-ից Արտակարգ իրավիճակների նախարարն է: Նա անկուսակցական է:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Պաշտպանության նախարարը վարձու աշխատող չէ
- Ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին