Վիգեն Սարգսյան. Վտանգներով լի իրավիճակ է
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ոչ թե հեղափոխություն է, այլ իշխանափոխություն: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:
«Հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է: Մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն: Խորհրդարանական մի ֆրակցիայի ներկայացուցիչը փոխարինել է խորհրդարանի մեկ այլ ֆրակցիայի ներկայացուցչի: Սխալ եզրույթ է նաև փոքրամասնության կառավարությունը: Փոքրամասնության կառավարությունը հնարավոր է, երբ խորհրդարանում որևէ ուժ չունի մեծամասնություն»,-մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, այն ինչ ունենք Հայաստանում, իրավական առումով անհասկանալի է, խորհրդարանակում Հանրապետական խմբակցությունը մեծամասնություն է, իսկ վարչապետը փոքրամասնության ուժի ներկայացուցիչը:
«Սա վտանգներով լի է: Սա նշանակում է, ամեն անգամ երբ մեծամասնության որոշումը ձեռ չտա փոքրամասնության վարչապետին, նրանք մարդիկ պետք է դուրս բերեն փողոց, ճնշում գործադրեն պատգամավորների վրա իրենց կամքին դեմ քվեարկելու համար: Դա ամեն ինչ է, բացի ժողովրդավարություն լինելուց, իրականում վտանգներով լի է, քանի որ գտնվելու է մարդ, որ այլ իրավիճակում, այլ ժամանակներում միշտ էլ կարող է ավելի շատ մարդ փողոց դուրս բերել, և մենք հայտնվելու ենք շատ տարօրինակ իրավիճակում»,-ասաց նա:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում իշխող կուսակցության մեղավորության վերաբերյալ հարցին, Վ. Սարգսյանն ասաց՝ պատասխանատվությունը շատ մեծ է:
«Մենք իշխանություն ենք եղել, պարտավոր էինք անել բաներ, որոնք թույլ չէին տա նման զարգացում, որոշ բաներ չենք արել, պատճառների մասին դեռ առիթ կունենանք ավելի հանդարտ, ավելի երկար խոսելու: Ամեն դեպքում սրված վիճակում խրոնիկ հիվանդություններ չեն բուժվում: Հիմա սրված վիճակ է, վիրաբուժական միջամտություն է եղել, պետք է սպասել իրավիճակը կայունանա, բոլոր բնականոն ռիթմերը վերականգնվեն, որից հետո սկսել բուժել խրոնիկ հիվանդություններն ու պատճառները, որոնք հանգեցրել են սրան»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Ես զարմացած եմ Դավիթ Տոնոյանի արձագանքից
- Վիգեն Սարգսյան. Պաշտպանության նախարարը վարձու աշխատող չէ
- Վիգեն Սարգսյան. Մաղթում եմ, որ հաղթական ոգին միշտ մեզ ուղեկցի բոլոր ձեռնարկներում
- Վիգեն Սարգսյան. Եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը