Հայաստանում գինու արտադրությունն աճել է, օղու, վիսկիի արտադրությունը՝ նվազել
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2 088.9 հազար լիտր գինի, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2 տոկոսով:
Նշենք, որ 2017 թ-ին հանրապետությունում արտադրվել է 8 852.5 հազար լիտր գինի՝ 2016թ-ի համեմատ աճելով 30 տոկոսով:
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն առաջին եռամսյակում ավելացել են 3.2%-ով` կազմելով 100.8 հազար լիտր:
Նշված ժամանակահատվածում աճել են նաև գարեջրի արտադրության ծավալները:
Մասնավորապես, հանրապետությունում հունվար-մարտին արտադրվել է 2 988.0 հազար լիտր գարեջուր` 2017թ-ի համեմատ աճելով 10.2%-ով:
Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 794.6 հազար լիտր օղի և օղու լիկյոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 27%-ով (1 088.8 հազար լիտր օղի):
Հունվար-մարտին 62.2%-ով էլ նվազել է վիսկիի արտադրությունը. եթե 2017 թ-ի հունվար-մարտին արտադրվել է 422.5 հազար լիտր վիսկի, ապա այս տարվա առաջին եռամսյակում՝ 159.6 հազ. լիտր: