Հույս ունեմ, որ վաղն իսկապես ավելի լավ է լինելու, և կառավարությունն իրեն արդարացնելու է. Արմեն Սարգսյան
«Կարող ենք ասել՝ այսօր նոր հանրապետության առաջին օրն է»,- Հաղթանակի զբոսայգում այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Մեր երկրում երեկվանից շատ բան է փոխվել։ Այսօր մենք ունենք նոր վարչապետ, երիտասարդները, ժողովուրդը հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու, քան՝ երեկ», - նշեց ՀՀ նախագահը:
Հարցին՝ նախագահն այդ հույսն ունի՞, արդյոք Նիկոլ Փաշինյանը կարդարացնի այդ հույսերը, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Եթե այդ հույսը չունենայի, այստեղ չէի լինի։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, իր հետ շատ գործնական և հարգալից հարաբերություններ ունեմ։ Եւ իմ ներդրումն անպայման պետք է ունենամ և կունենամ, որ կառավարությունը հաջողության հասնի, հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում անիմաստ կլինեն այն բոլոր հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ։ Այնպես որ, հույս ունեմ, որ վաղն իսկապես ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է»։
Նա նաև նշեց, որ հույս ունի՝ վարչապետը մոտ օրերին կկարողանա ձևավորել կառավարություն, որը կլուծի երկրում առկա խնդիրները:
Հարցին՝ արդյոք Հայաստանում ներգաղթ կլինի, Արմեն Սարգսյանը նշեց, որ դա ոչ թե ներգաղթ պետք է անվանել, այլ վերադարձ. «Դրանք տարբեր բաներ են, ցանկացած հայի հայրենիքն այստեղ է: Ես տեսնում եմ` վերադարձի ցանկությունը մարդկանց մոտ կա, ամեն ինչ մեզնից է կախված: Եթե մեկ ամիս, մեկ տարի անց դրական քայլերը լինեն, երկիրն առաջ գնա, ապա կարծում եմ՝ վերադարձը կլինի»:
Արմեն Սարգսյանը նշեց նաև, որ ինքը պատրաստ է և ծառայում է հայրենիքին. «Եթե լավ ծառայեմ, ուրեմն լավ նախագահ եմ, հակառակ դեպքում լավ նախագահ չեմ լինի: Խնդիրն այն է, թե կարողանալո՞ւ ենք արդյոք բոլորս միասին մեր երկիրը դարձնել այն երկիրը, որի մասին ես, հայ ժողովուրդը երազել է և երազում է 26 տարի շարունակ»:
Նրա խոսքով՝ որպես ՀՀ նախագահ, իր ներդրումը պետք է բերի, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ լինի օրենքի սահմաններում:
«Սա իմ հիմնական խնդիրն է: Նախագահը վարչական լծակներ և պարտականություններ չունի, և այն իրավասությունները, որոնք ինձ տրված են Սահմանադրությամբ, ես կանգնած եմ լինելու պատի նման, որ այդ օրենքները, օրինականությունը գործեն երկրում: Ցանկացած քայլ պետք է լինի օրենքի շրջանակներում»,- ասաց Արմեն Սարգսյանը: