Փաշինյան. Բանակցություններում Արցախի Հանրապետության անունից պետք խոսի Արցախի իշխանությունը
«Արցախի միջազգային ճանաչմանը նոր շունչ ու նոր թափ կտրվի»: Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի Հանրապետության նախագահի հետ ունեցած բանակցությունները գնահատելով որպես շատ արդյունավետ:
Փաշինյանն ասաց՝ մեծ կարևորություն է տալիս Հայաստանի ու Արցախի միջև հարաբերություններին, որևէ կասկած չկա, որ այսօրվա այցի արդյունքում հարաբերությունները կզարգանան բնականոն ու ձեռք կբերեն նորանոր դրսևորումներ:
«Քննարկումների արդյունքում մենք համոզվեցինք, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն: Այդ խնդիրները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախի ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպմանը, վարչապետն ասաց՝ լսել է զեկույցներ, ստացել անհրաժեշտ տեղեկություններ, պայմանավորվել են, թե ինչ քայլերով են առաջ գնալու:
Անդրադառնալով Արցախի՝ ԼՂ խնդրի կարգավորման բանակցային սեղան վերադարձնելու մասին հարցին, Ն. Փաշինյանն ասաց. «Մենք պետք է հստակ պատասխանենք մի հարցի՝ մենք ուզո՞ւմ ենք լուծել հարցը, թե՞ չենք ուզում: Եթե միջազգային հանրությունը, Ադրբեջանը ցանկանում են լուծել հարցը, ապա անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմնատով, որով այդ հարցը չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է այս բանակցային ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնիկներից մեկը բանակցային գործընթացում ընդգրկված չէ: Այսինքն, սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է, մենք լուծում ենք հարցը, թե չենք լուծում»:
Նրա խոսքով, Արցախի Հանրապետության անունից պետք խոսի Արցախի իշխանությունը, Հայաստանը ևս կողմ է, իսկ Հայաստանի անունից պետք է խոսի ՀՀ իշխանությունը:
«Խաղաղ հանգուցալուծմանը հայկական կողմերը միշտ էլ կողմնակից են եղել, փաստն այն է, որ Ադրբեջանը մշտապես օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն: Կարծում եմ՝ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ արձանագրեն, որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկայի առաջ որևէ կերպ չեն ընկրկի բնականաբար, առավել ևս հիմա, երբ մեր ժողովուրդն ու ազգը միասնական են առավել, քան երբևէ: Խնդրի լուծման ամենակարևոր կոմպոնենտը ճիշտ ձևաչափով բանակցություններն են: Ես արդեն ասացի՝ հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցային կողմ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ-ում սահմաններում տիրող իրավիճակի հարցեր են քննարկվել
- Ստեփանակերտում հարգել են Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան