Արա Բաբլոյան. Տարբեր գաղափարներ պիտի միավորեն հասարակությունը, այլ ոչ թե պառակտեն
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Շուշիի ազատագրման ու Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ: ԱԺ պաշտոնական էջում հրապարակված ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
26 տարի առաջ գրվեց անցած դարավերջին անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի ամենաշքեղ էջերից մեկը՝ ազատագրվեց Շուշին: Այն դարձավ արցախահայության անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկը և նախադրյալներ ստեղծեց Արցախյան ազատամարտը հաղթանակով պսակելու, այսօր ամուր պաշտպանված սահմաններ ունենալու համար: Շուշին ազատագրվեց հայ ռազմագիտական մտքի և համազգային միասնության շնորհիվ:
Շնորհավորելով բոլորիս ու առաջին հերթին Երկրապահ կամավորականներին` խոնարհվենք մեր բոլոր հերոսների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի սահմանների ու հայության ազատ ապրելու իրավունքի պաշտպանության համար:
Այսօր մենք տոնում ենք նաև Հաղթանակի ու խաղաղության օրը: Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի համար հայ ժողովուրդը շատ թանկ գին վճարեց: Ատելության վրա հիմնված գաղափարախոսությունն աշխարհում քաշել էր այնպիսի բաժանարար գծեր, որոնք վերացնելու համար զոհվեցին տասնյակ միլիոնավոր մարդիկ, խորտակվեցին հարյուր միլիոնավորների ճակատագրերը: Մայիսի 8-ը և 9-ը աշխարհում նշվում են որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակման և հաշտեցման օրեր:
Միշտ հիշենք, որ տարբեր գաղափարներն ու տեսլականները պիտի միավորեն հասարակությունը, այլ ոչ թե պառակտեն կամ արհեստական բարիկադներ կառուցեն տարբեր ըմբռնումների տեր մարդկանց միջև:
Կրկին շնորհավորում եմ այս նվիրական տոների առթիվ, խնկարկում հայրենիքի սահմանների պաշտպանության համար ընկածների հիշատակը և մաղթում, որ միասնական ջանքերով կարողանանք խաղաղության ամեն մի օրն օգտագործել Հայաստանի ու Արցախի հզորացման, սահմանների պաշտպանության ամրապնդման և ժողովրդի բարօրության համար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին