Շուշիի լուսանկարչական տարեգրությունը. ցուցահանդես Ստեփանակերտում
Ստեփանակերտում բացվել է անվանի կինոօպերատոր, լուսանկարիչ Լևոն Աթոյանցի լուսանկարչական աշխատանքների առաջին ամբողջական ցուցահանդեսը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին ներկայացվել է հեղինակի մոտ 100 աշխատանք:
Իր խոսքում Լ. Աթոյանցն ասել է, որ փորձել է լուսանկարների միջոցով ցույց տալ Շուշին, իսկ ավելի ուշ արված աշխատանքներում՝ հայ զինվորին, որը ոչ միայն կռվելու, այլև հաղթելու համար է ծնվել:
Արցախյան պատերազմի ընթացքում արված լուսանկարների մասին խոսելիս հեղինակը նշում է, որ մարդիկ հայրենիքն էին պաշտպանում, ինքն էլ նրանց գործն էր հավերժացնում:
«Լուսանկարների միջոցով փորձել եմ խաղալ ոչ միայն գույնի, լույսի ու ստվերի, կոմպոզիցիայի ու կադրի դրամատուրգիայի հետ, այլև փոխել դրանց հետ աշխատելու ավանդական ձևերը ու ստեղծել իմը: Թե ինչքանով եմ հասել հաջողության, ժամանակը կասի»,- նշել է Լ. Աթոյանցը:
Որպես կինոօպերատոր՝ նա նկարահանել է շուրջ 30 ֆիլմեր, որոնցից առավել հայտնի են «011 աքսորականը», «Մորգանի խնամին», «Խոշոր շահում», «Քաոս», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» կինոնկարները:
Միջոցառմանը ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ ցուցահանդեսն առանձնանում է նրանով, որ ներկայացված լուսանկարներն իրենցում բովանդակում են 30 տարվա պատմություն:
«Եթե մենք նայենք սև-սպիտակ լուսանկարներին, դրանցում պատկերված է Շուշին 1962 թվականին, երբ հայկական հրաշագեղ քաղաքը թուրքական հպատակության տակ էր: Շատ մեծ խորհուրդ կա այս ցուցահանդեսի մեջ, քանի որ մոտ 30 տարի անց՝ 1992 թվականին, Շուշիի ազատագրումից հետո Լ. Աթոյանցը նորից այցելել է բերդաքաղաք՝ կրկին պատրաստելով լուսանկարների շարք՝ այս անգամ՝ հայ զինվորի մասին»,- նշել է Ս. Շահվերդյանը:
Իր հերթին ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ասել է, որ ցուցահանդեսը վավերագրումն է մեր հերոսական պատմության:
«Ցանկացած այցի ընթացքում Լևոն Աթոյանցը օգտագործում էր առիթը, որպեսզի լուսանկարի և պատմությանը, սերունդներին փոխանցելու համար ներկայացնի այդ կադրերը: Լուսանկարներում երիտասարդների դեմքեր են, որոնք և՛ մտահոգ են, և՛ ժպտացող, ու բոլորի դեմքին արտացոլված է ապագայի տեսիլքը՝ մի պարզ համոզմունքով, որ գալու է Արցախի անկախության օրը»,- նշել է Ա. Պողոսյանը:
ՀՀ մշակույթի փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ վարպետ Աթոյանցի ցուցահանդեսով սկիզբ է դրվում մի նոր համագործակցության, որը մեկնարկել է դեռևս ընթացիկ տարվա փետրվարին՝ ՀՀ և ԱՀ մշակույթի նախարարությունների կողմից հաստատված համատեղ մշակութային ծրագրերով:
Ցուցահանդեսը բաց է լինելու առաջիկա օրերին, որից հետո լուսանկարները մնալու են Ստեփանակերտի պատկերասրահում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան