«Միջուկային գործարք»-ից ԱՄՆ-ի դուրս գալն Օբաման մեծ սխալ է համարում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ դուրս գալ Իրանի հետ միջուկային գործարքից, մեծ սխալ էր։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։
«Ես կարծում եմ, որ առանց Իրանի կողմից միջուկային գործարքի ինչ-որ խախտման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ռիսկի ենթարկելը լուրջ սխալ էր։ Առանց այդ ծրագրի ԱՄՆ-ն ի վերջո կարող է ոչ շահավետ ընտրության առջև կանգնել միջուկային զենք ունեցող Իրանի և Մերձավոր Արևելքում ևս մեկ պատերազմի միջև»,- վստահ է Օբաման։
Նրա հետ համակարծիք է նաև նախկին պետքարտուղար, վերջին ընտրություններում Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնը։ «Դա վնասում է ԱՄՆ-ի անվտանգությանն ու հեղինակությանը։ Իրանն այժմ ավելի վտանգավոր է»,- իր թվիթերյան էջում գրել է նա։
ԱՄՆ պետդեպի նախկին ղեկավար Ջոն Քերին իր հերթին կարծում է, որ «Ամերիկան դրժել է իր խոսքը»՝ հույս հայտնելով, որ թեկուզ առանց ԱՄՆ-ի, բայց համաձայնագիրը կշարունակի գործել։
Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ «միջուկային գործարք»-ից դուրս գալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- «ԱՄՆ-ի՝ «միջուկային գործարքից» դուրս գալն Իրանի տնտեսության վրա էապես չի ազդի»
- Թրամփը մտադիր է դուրս գալ Իրանի հետ «միջուկային գործարք»-ից
- «Իրանի հետ միջուկային համաձայնագիրը խզել չի կարելի, քանի դեռ ավելի լավ տարբերակ չկա»