Պետգույքի վարչությունը պարզաբանում է, թե ինչու է շատ զուգարանի թուղթ գնել
«Պարզվում է, որ պետական միջոցները ոչ միայն չեն շռայլվում, այլև խնայողություն է կատարվում»: Նման հայտարարություն է տարածել Պետական գույքի կառավարման վարչությունը՝ արձագանքելով Վերահսկիչ պալատի հաշվետվության հիման վրա լրատվամիջոցների մեկնաբանություններին:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակման համաձայն մի այն ռուլոնով զուգարանի թղթի համար պետբյուջեից նրանք ծախսել են 2 մլն 130 հազար 150 դրամ:
Վարչության տարածած պարզաբանման մեջ մասնավորապես նշված է.
«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ը, բացի իր կողմից զբաղեցված տարածքներից (ք. Երևան, Զաքիյան փ. 10 և ք. Երևան, Հաղթանակ, 2-րդ փ. 79), իրականացնում է նաև շուրջ 60.0 հազ. մ2 ընդհանուր մակերեսով Կառավարական թիվ 2 ու թիվ 3 շենքերի (որոնցում աշխատում է շուրջ 3000 մարդ) և պետական սեփականություն հանդիսացող՝ ավելի քան 20.0 հազ. մ2 ընդհանուր մակերեսով մի շարք այլ (ք. Երևան, Արշակունյաց 4, ք. Երևան, Իսահակյան 28, ք. Երևան, Արմենակյան 129, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 և այլ շենքերի, որոնցում աշխատում է շուրջ 1800 մարդ) շահագործումն ու սպասարկումը:
Սպասարկման տիրույթում են նշված շենքերի սանհանգույցներն ու լիարժեք մաքրության ապահովումը:
Այս տեղեկությանը չտիրապետող մարդուն կարող է զարմացնել սպառվող սանիտարահիգիենիկ, լվացող և մաքրող նյութերի ծավալը, սակայն երբ այն համադրում ենք իրականությանը, պարզվում է, որ պետական միջոցները ոչ միայն չեն շռայլվում, այլև խնայողություն է կատարվում»:
Նշվում է, որ Մասնավորապես 2.130.150 ՀՀ դրամով 12910 հատ զուգարանի թղթի գնման ընթացակարգով (1 հատը՝ 165 դրամով) կազմակերպությունը նշված ապրանքի դիմաց վճարել է ընդամենը 1.587.930 ՀՀ դրամ (1 հատը՝ 123 ՀՀ դրամ), հետևաբար միայն զուգարանի թղթի գնման ընթացակարգով տնտեսվել է 542.220 ՀՀ դրամ: