Ասադը պատասխանել է Թրամփին, որն իրեն «կենդանի» է անվանել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կասկածում է, որ առաջիկայում իր և Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր է։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։ Նրա խոսքով՝ ցանկացած հանդիպում պետք է արդյունք ունենա, սակայն հայտնի չէ՝ ինչի կարելի է հասնել այնպիսի անհետևողական քաղաքական գործչի հետ, ինչպիսին Թրամփն է։
Պատճառներից մեկն էլ այն է, որ Դամասկոսում չեն հավատում, թե Թրամփը վերահսկում է ԱՄՆ-ն։ «Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ի ցանկացած նախագահի վերահսկում է պետությունը։ Այդպես է եղել միշտ, ծայրահեղ դեպքում՝ վերջին 40 տարիներին՝ Նիքսոնի ժամանակներից սկսած, հնարավոր է անգամ ավելի շուտ, բայց հիմա ամեն ինչ ավելի ինտենսիվ է, իսկ ամենաաղմկոտ դեպքը Թրամփինն է»,- ասել է Ասադը։
Պատասխանելով ԱՄՆ նախագահին, ով իրեն «կենդանի» էր անվանել, արաբական պետության ղեկավարը հետաքրքրվել է՝ ամերիկյան մշակույթում գոյություն ունի՞ արդյոք նման հռետորաբանություն։ «Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունի այնպիսի հանրություն, որը նմանատիպ լեզու է կիրառում»,- ասել է նա։
Ասադը հավելել է, որ նման արտահայտություններին վերաբերվում է իբրև քաղաքական գործիչ. դրանք անձամբ իր վրա չեն ազդում։ «Կարևոր է այն, թե ինչպես է ինչ-որ բան ազդում իմ երկրի վրա, պատերազմի, ահաբեկիչների վրա և այն միջավայրի, որում մենք ապրում ենք»,- ասել է Սիրիայի առաջնորդը։