Վալերի Օսիպյանը՝ ՀՀ ոստիկանապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց, որ որոշում է կայացրել ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակել Վալերի Օսիպյանին:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից էլ տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ:
Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»:
Վալերի Ռազմիկի Օսիպյանը ծնվել է 1970 թվականին ապրիլի 17-ին:
Եղել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի վաշտի հրամանատար, 2009-2010 թթ. - գնդի հրամանատարի տեղակալ, 2010-2011 թթ. - գնդի հրամանատար, 2011-2012 թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ։ 2012 թ. սեպտեմբերից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալն էր։
2009 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։
2015 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Անկախության տոնի առթիվ, հասարակական կարգի պահպանման գործում ներդրած անձնական մեծ ավանդի և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
2016 թվականին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան