Երևանում պահանջում են քաղաքապետի հրաժարականը
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է, քաղաքացիները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը, ավագանու արձակումը:
«Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության մասնակիցները նշում են, քաղաքապետի ու նրա թիմի կողմից տարիներ շարունակ անտեսվել են քաղաքացիների կողմից ապօրինությունների բարձրաձայնումները, վկայությունները:
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին «ատկատների, ձևական տենդերների, քաղաքային բյուջեի մսխման, ինքնանպատակ տոնակատարությունների համար ծախսված հսկայական գումարների» մասին:
«Զավեշտալի է քաղաքապետի կողմից 1.5 մլն դրամով կոնյակի բաժակների ձեռք բերելը, մեկ բաժակի արժեքը կազմում է 100 հազար դրամ, 29 մլն դրամով կոնյակ գնելը»,-թվարկեցին նրանք՝ հայտարարելով, սպասում են այդ թվերի վերաբերյալ քաղաքապետի կողմից պաշտոնական արձագանքին:
Նախաձեռնության անդամներից մեկի խոսքով, Երևանում բացակայում է ճարտարապետական քաղաքականությունը, «փոխարենն իրականացվում է բիզնես և կլանային շահեր հետապնդող անկանոն շինարարություն, Երևանում վերջին տարիներին հետևողականորեն իրականացվել է կանաչ տարածքների ոչնչացում ու սեփականաշնորհում»:
Կանանց իրավունքները պաշտպանող ՀԿ անդամներն էլ ուշադրություն հրավիրեցին ավագանու անդամ ընդդիմադիր կանանց մասին հնչեցրած վիրավորանքների, բռնությունների, հայհոյանքների ու սպառնալիքների վրա:
«Պատասխանատուները ոչ միայն չպատժվեցին, այլև շարունակեցին վարչական ռեպրեսիաները կանանց նկատմամբ»,-նկատեց նա:
Նշենք, որ բողոքի ակցիային ներկա են նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը:
Դեռ երեկ սոցցանցերում օգտատերերը սկսել էին գրել, որ պահանջում են քաղաքապետի՝ քաղաքացիների կողմից ուղիղ ընտրություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին