Ովքե՞ր կգնան ԱԺ մանդատից հրաժարվածների փոխարեն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային Ժողովից այս պահի դրությամբ արձանագրություն չի ստացել պատգամավորների լիազորությունները դադարած համարելու մասին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Արձանագրությունը ստանալուց հետո միայն ԿԸՀ-ն կգումարի նիստ, որի ընթացքում պատգամավորական մանդատը կտրվի կուսակցությունների ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուներին:
Հիշեցնենք, որ այս պահին երեք պատգամավոր է հրաժարվել մանդատից՝ մեկը Հանրապետական խմբակցության անդամ է, երկուսը՝ ՀՅԴ:
Վերջին հրաժարականի մասին հայտարարությունը հնչեց այսօր. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին դիմում է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Բաբայանը: Նա անկուսակցական է, ՀՅԴ խմբակցությունից:
Բացի այդ, այսօր ԱԺ նախագահը ստորագրել է պատգամավոր Գրիգոր Ավալյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Ավալյանը ևս անկուսակցական է, Հանրապետական խմբակցությունից:
Մինչ այդ մանդատից հրաժարվել էր ՀՅԴ խմբակցության անդամ դաշնակցական Աղվան Վարդանյանը:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ ԱԺ կանցնի կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ համարը:
ՀՀԿ համամասնական ցուցակից վերջինը ԱԺ է անցել Տաճատ Վարդապետյանը, այն բանից հետո երբ Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ: Վարդապետյանին հաջորդում է ՀՀԿ ցուցակի 34-րդ տեղում գտնվող Վահրամ Մկրտչյանը: Նա ԿԳ փոխնախարարն է, նախարարի պաշտոնակատարը:
ՀՅԴ համամասնական ցուցակում հաջորդ Արմեն Բաբայանին հաջորդում են Ռուզաննա Առաքելյանն ու Սպարտակ Սեյրանյանը: Եթե ինքնաբացարկներ չլինեն, նրանք էլ կանցնեն ԱԺ:
Հարակից հրապարակումներ`
- «Գրանդ Հոլդինգի» հայտարարությունը անկուսակցական պատգամավորների մասով
- Արա Բաբլոյանի պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
- Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- «Հրապարակ». Ավալյանը կզրկվի ԱԺ մանդատից, թե համաձայնության կգա Վարդանյանների հետ
- ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը
- Հրայր Թովմասյանի պատգամավորական մանդատը կփոխանցվի Տաճատ Վարդապետյանին