ՊՊԾ գնդի գրավման գործով 11 անդամի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մայիսի 11-ին դատավոր Արշակ Վարդևանյանի նախագահությամբ կայացավ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը։ Այն անցավ լարված պայմաններում։
11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել՝ իրենց պաշտպանյալներին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Դատարանը մերժեց այդ միջնորդությունը։ Ի պատասխան՝ պաշտպանները ցուցադրաբար դատական նիստերի դահլիճը լքեցին դատավճռի հրապարակման ընթացքում։
Դատարանը բավարարեց պաշտպան Գյուրջյանի միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ՝ նշանակվեց դատաբժշկական հանձնաժողովի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվեց ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, պարզել՝ ամբաստանյալ Արամ Հակոբյանը ներկա պահին ի՞նչ հիվանդություններով է տառապում, արդյո՞ք այդ հիվանդությունը բացառում է դատական նիստերին մասնակցելու հնարավորությունը կամ խոչընդոտում է կալանքի տակ գտնվելուն կամ պատիժը կրելուն։ Արամ Հակոբյանը կներկայացվի դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ։
Դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով հրապարակվել են սպանված ոստիկանների դիակների փորձաքննության արդյունքները
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստին հրապարակվեցին հեռախոսազրույցների վերծանումները
- ՊՊԾ գնդի գործով հերթական նիստը լարված էր
- ՊՊԾ գնդի գործով նիստին ներկա է մեկ ամբաստանյալ
- Ազատ արձակել Հովհաննես Հարությունյանին կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց. ՊՊԾ գնդի գործով փաստաբանի միջնորդությունը