Լևոն Ջուլֆալակյան. Ճիշտ աշխատելու դեպքում մեծ հեռանկարներ ու հաջողություններ դեռ կլինեն
«Եվրոպայի առաջնությանը մեր հավաքականը հանդես եկավ գերազանց, եթե 7 հոգով թիմային պայքարում 4-րդ տեղն ենք գրավել, դա շատ մեծ բան է նշանակում»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց օլիմպիական չեմպիոն, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Նա գերազանց է գնահատում հայ մարզիկների ցուցաբերած արդյունքները, թերությունները վերացնելու, ճիշտ աշխատելու ու եղած ձգտումը պահպանելու դեպքում մեծ հաջողությունները չեն ուշանա:
«Դժգոհ եմ 77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանի մասնակցությունից, շվեդ ըմբիշի հետ գոտեմարտը շատ անհաջող էր, իրենից սպասելիքներ կան, բայց 2016-ից հետո անընդհատ սայթաքումներ է ունենում: Կարապետի մոտ տեխնիկական արսենակի պակաս եմ նկատում, դեռ աշխատելու ու ավելացնելու շատ բան կա»,-ասաց մարզիչն ու փաստեց, աշխատասեր, նպատակասլաց ըմբիշ է:
87 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Շահինյանի նկատմամբ մրցավարները բացասաբար էին տրամադրված: Այստեղ էլ մեդալ էին սպասում: «Առաջին գոտեմարտում հաղթեց շատ լավ, երկրորդը ռուսի հետ: Բոլորս գիտենք, որ Ֆրանսիայում ռուսները ոչ մի ոսկե մեդալ չունեցան ու նրանց մոտ կար լուրջ առաջադրանք, որ ոսկի մեդալների թիվը շատ լիներ, դա զգացվում էր, մրցավարական կազմն էլ անհաջող էր»,-մանրամասնեց Ջուլֆալակյանը:
Եվրոպայի չեմպիոներ դարձած Մաքսիմ Մանուկյանի ու Արթուր Ալեքսանյանի մասին ասելիք չունի՝ տեխնիկական հնարքները գերազանց են ու գեղեցիկ: Կարեն Ասլանյանի հաղթանակն է շատ ուրախացրել մարզիչին:
«Առաջին քայլերն է, հուսով եմ՝ չի բավարարի ու կձգտի ավելի մեծ հաջողությունների, ունի տվյալներ ու հնարավորություններ դրա համար»,-ասաց նա:
Հիմա դադար է, հավաքականի անդամները հանգստանում են, հունիսից կսկսեն հավաքները, կպատրաստվեն Հունգարիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ ՌԴ Կասպիյսկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությանը Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը դարձան ոսկե մեդալակիրներ, Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ նվաճեց:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ալեքսանյանը վերադարձավ հայրենիք
- Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը
- Մաքսիմ Մանուկյանը` ոսկե մեդալակիր
- Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը ԵԱ եզրափակիչ փուլում են
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան