Ցանկություն չունեմ շարունակել աշխատանքը նախարարի պաշտոնում. Վահան Մարտիրոսյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ցանկություն չունի շարունակել աշխատանքը նախարարի պաշտոնում:
Նրա խոսքով՝ այդ ցանկությունն այսօր չէ, որ առաջացել է, վաղուց կար: «Հարցը Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը չի վերաբերում: Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, բայց գտնում եմ, որ ավելի շատ օգուտ կարող եմ տալ Հայաստանին այլ տեղերում, պարտադիր չի նախարարի պաշտոնում», - ասաց Վահան Մարտիրոսյանը:
Դիտարկմանը, թե մինչև այդ էլ կարող էր օգուտներ տալ, նախարարի պաշտոնակատարն ասաց՝ կարող էր ու մինչև այդ էլ արել է. «Եթե հիշում եք՝ ինչպիսին էր 10 տարի առաջ ինտերնետի վիճակը Հայաստանում և այսօր, ես իմ լուման ունեցել եմ»:
Վահան Մարտիրոսյանը նշեց նաև, որ որևէ մտավախություն չունի, որ իր սկսած ծրագրերը կիսատ կմնան: «Ծրագրերը կան, շարունակական են և հուսով եմ, որ բոլորը կիրականացվեն»:
Նա միաժամանակ ասաց, որ չի կարծում, թե իր ծրագրերն ամենաճիշտն էին, իսկ եկող նախարարի ծրագիրն ավելի վատը կարող է լինել: «Մենք ամեն ինչ անում ենք Հայաստանի զարգացման համար և շարունակելու ենք մեր աշխատանքը կատարել: Ամեն ինչ ժամանակավոր է, պարտադիր չէ, որ մարդը լինի նախարարի պաշտոնում և այդտեղ անի իր գործը, բոլորը, եթե իրենց տեղում աշխատեն այնպես, որ իրեն առաջ կարողանան պատասխան տալ, ապա ամեն ինչ լավ կլինի»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը:
Լրագրողները նաև հետաքրքվեցին՝ արդյոք մտադիր է մնալ Հանրապետական կուսակցությունում. Վահան Մարտիրոսյանն արձագանքեց. «Ժամանակը ցույց կտա ամեն ինչ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան