Օսիպյանի «անսպասելի» նշանակումն ու դրան հետևած արձագանքները
Նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության շենքում լրագրողներին հավատացնում է՝ նշանակումն իր համար անսպասելի էր: Հարցին, պատրաստ է նման աշխատանքին, ծանրաբեռնվածությանը, արձագանքում է. «Վատ է այն զինվորը, որը չի ցանկանում գեներալ դառնալ»:
Անդրադառնալով իր նշանակմանը հետևած քննադատություններին, ասում է՝ դրանց նորմալ է վերաբերվում, դրական կարծիք հայտնողներ էլ կան:
Ոստիկանության պետի պաշտոնում Երևանի արդեն նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նշանակումը միանշանակ չի ընդունվել: Առաջին արձագանքնողներն ու որոշումը քննադատողները հիմնականում այն մարդիկ են,
ովքեր անցած օրերին Փաշինյանի հետ փողոցում էին, նրա համակիրներն էին:
Հիշեցնենք, որ փողոցում գրեթե բոլոր բողոքի ակցիաների ժամանակ Փաշինյանի հետ բանակցողը Օսիպյանն էր:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վարչապետի այդ որոշումը խիստ անհաջող է որակում:
«Օսիպյանը պետք է պատասխան տա քաղաքացիների դեմ ապօրինի գործողությունների համար։ Սա վենդետա չի, այլ անպատժելիության հաղթահարմանն ուղղված քայլ։
Նիկոլ Փաշինյանը պետք է հաշվի առնի հանրային կարծիքը և փոխի խիստ անհաջող որոշումը»,-ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, Օսիպյանը ոչ մի կերպ չի կարող լինել այդպիսի առանցքային պաշտոնում:
«Թե Օսիպյանը խորհրդանշական նշանակում է, գոնե թողնեիք իր տեղում, պայմանով՝ կարճ ժամանակում վերափոխվեր և հայտնվեր իրական ոստիկանի կերպարում, բայց ոչ մի դեպքում ոստիկանապետի պաշտոնում»,-մասնավորապես գրում է նա:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ կարծիք է հայտնել, որ «Օսիպյանից լավ թեկնածուներ պիտի որ լինեին Ոստիկանապետի պաշտոնի համար»:
«Հետո մտածեցի, որ վատ հնարք չէ հենց ոստիկանության հաճկատար Օսիպյանով մաքրել տալ հանցագործ վերնախավին։ Կանի՝ կգնա տուն, չի անի, ավելի շուտ կգնա։
Մոտ օրերս նոր ոստիկանապետին կուղարկենք անցած 40 օրվա հանցագործ ոստիկանների անունները, ֆոտոները, համապատասխան նկարագրերով ու թող փորձի անգործության մատնվի»,-գրել է նա:
Նշենք, որ «Ոստիկանության ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները: Ըստ այդմ. «Պետական կառավարման մարմնի ղեկավար կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում»:
Հարակից հրապարակումներ`
- Վալերի Օսիպյանը՝ ՀՀ ոստիկանապետ
- Վալերի Օսիպյանը հավաքը դադարեցնելու պահանջն արդեն իսկ ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին. ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան