Թուրքական լիրան աննախադեպ կերպով արժեզրկվում է
Թուրքիայում առաջիկայում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախօրեին թուրքական լիրան աննախադեպ կերպով արժեզրկվում է, իսկ ինֆլյացիայի մակարդակն ավելի է բարձրանում։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, միջազգային մասնագետների կարծիքով՝ այդ վիճակը պայմանավորված է Թուրքիայի Կենտրոնական բանկի թույլ դիրքորոշմամբ, խոշոր ձեռներեցների գործունեությամբ, ԱՄՆ Կենտրոնական բանկի համաշխարհային ֆինանսական քաղաքականությամբ, ԱՄՆ կողմից տարբեր երկրների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով։
Վերջին 2 ամսվա ընթացքում թուրքական լիրան ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ 10 տոկոսով արժեզրկվել է։ Իսկ տարեսկզբի համեմատ այդ անկումը դոլարի նկատմամբ կազմել է 11․4 տոկոս, եվրոյի նկատմամբ՝ 11․3 տոկոս։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ վերջին ամսվա ընթացքում Թուրքիայի սպառողական գներն աճել են 1․87 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը կազմել է 10․85 տոկոս։
Լիրայի վրա բազասաբար ազդող գործոններից մեկն էլ ընթացիկ հաշվի պակասորդն է։ Անցյալ տարի Թուրքիան խոշոր զարգացող երկրների շարքում ամենից շատ ընթացիկ հաշվի պակասորդ տված երկիրն էր։ Այն կազմել էր երկրի համախառն ներքին արդյունքի 5․5 տոկոսը։ Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) կանխատեսման համաձայն՝ այս տարի ևս ընթացիկ հաշվի պակասորդը կկազմի Թուրքիայի համախառն ներքին արդյունքի 5․4 տոկոսը։
Արժույթի փոխարժեքի մեծ տատանումներով և ինֆլյացիայի բարձր մակարդակով պայմանավորված՝ այս տարի Թուրքիայում հատկապես մեծ է եղել ոսկու պահանջարկը։ Տարվա առաջին եռամսյակում երկրում շուրջ 965 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ոսկի և ոսկյա իրեր են գնվել։
Թուրքիայի Կենտրոնական բանկը ևս վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկել է իր ոսկու պաշարները՝ հասցնելով դրանք 239․1 տոննայի։ Այս ցուցանիշով Թուրքիայի ԿԲ-ն աշխարհում ամենից շատ ոսկու պաշարներ ունեցող երկրորդ Կենտրոնական բանկն է։
Մասնագետների կարծիքով՝ Թուրքիայի տնտեսության վրա բացասաբար է ազդել նաև Եվրոպայի՝ փախստականների հարցով քաղաքականության փոփոխությունը, քանի որ մեծ թվով թուրքեր գտնվում և աշխատում են եվրոպական երկրներում և գումարներ ուղարկում են իրենց ընտանիքներին։ Այդ ֆինանսական աջակցությունը երկրի բյուջեին բավական մեծ ներդրում էր ապահովում։