Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու հարցը կլուծվի մեկ ամսվա ընթացքում. վարչապետ
Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2018 թ. մարտի 29-ի համապատասխան որոշման մեջ, որը վերաբերում է Կոնդի առանձնատներից մեկը՝ որպես բնակարան, Հանրապետության երրորդ նախագահին սեփականության իրավունքով անհատույց տրամադրմանը:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացնելով որոշման նախագիծը՝ հիշեցրեց, որ մարտի 29-ին կառավարությունը որոշում ընդունեց, որով «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող որոշակի շինություն իր հողամասով տրամադրվեց պաշտոնաթող նախագահին։
«2018 թվականի ապրիլի 19-ի նիստում վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց, որ որոշման համապատասխան կետերն ուժը կորցրած ճանաչվեն՝ առաջարկելով, որ ընդհանրապես պաշտոնաթող երրորդ նախագահին տրամադրվի բնակարան արդեն մյուս կառավարության կողմից, երբ ինքը չղեկավարի կառավարությունը։ Այսօր կառավարությունը չի ղեկավարում Սերժ Սարգսյանը, կարծում եմ՝ վարչապետի հանձնարարականի կատարումը մենք ներկայացնում ենք՝ առաջարկելով ընդունել այս նախագիծը»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Սերժ Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, որն օգտվում է այդ օրենքից, քանի որ այսուհետ պաշտոնաթող նախագահների համար նման դրույթ չի նախատեսվում:
«Խնդիրը պարզ է, տեղի էր ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում և հետագա իրադարձությունների արդյունքում հիմա անհրաժեշտություն է առաջացել որոշման այդ հատվածը՝ կոնկրետ կառավարական առանձնատան սեփականաշնորհման մասին, չեղյալ հայտարարել և գտնել այլ լուծում, որը կապահովի օրենքով նախատեսված երաշխիքը»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն` Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովման երաշխիքների տրամադրման վերաբերյալ. «Այսինքն՝ մենք մեկ ամսվա ընթացքում պետք է գտնենք և ապահովենք օրենքով սահմանված երաշխիքները»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին