Կարկտահարությունից տուժածներին կառավարության աջակցությունը պետք է լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ. Փաշինյան
Այսօր մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստը: Վարչապետի որոշմամբ՝ կառավարության նիստերը բաց են լինելու լրագրողների համար:՚
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետը գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանին խնդրեց ներկայացնել Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած կարկտահարության վերաբերյալ տվյալներ:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ կարկտահարության հասցրած վնասի չափերը գնահատելու համար գյուղատնտեսության նախարարությունը մասնագետների խումբ է ուղարկել: Ըստ նրա՝ վնասները մեծ ծավալի չեն, այդուհանդերձ կան վնասված այգիներ: «Մասնագետները մարզային կառույցների հետ համատեղ ձևավորված հանձնաժողովով կգնահատեն վնասի չափը: Երբ լինեն այդ տվյալներն, անպայման կտեղեկացնենք»,- նշեց Իգնատի Առաքելյանը:
Վարչապետի հարցին՝ վնասի չափը գնահատելուց հետո ինչ գործողություններ պետք է իրականացվեն. գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարն ասաց, որ վնասի չափը պարզելուց հետո կառավարությունը հիմնականում հնարավորություն է ունեցել զիջելու հողի հարկը, ջրի վարձը, կամ սերմերի համար է փոխհատուցում տրվել: «Իմ տեղեկատվությամբ՝ ավելին չէր տրամադրում»,- նշեց Իգնատի Առաքելյանը:
«Կարծում եմ՝ այդ թեմային անպայման կանդրադառնանք: Պետք է այնպես անել, որ աջակցությունը լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ, որպեսզի մարդիկ իսկապես զգան՝ պետությունը ջանքեր է գործադրում, որ իրենք այդ վիճակից դուրս գան»,- արձագանքեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հակակարկտային համակարգերով չեն կարողանում այդ հարցը լուծել, Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ կոնկրետ այդ կարկտահարված տարածքները դուրս են հակակարկտային ներազդեցության դաշտից: «Այս պահին կարողանում ենք ընդամենը 15 տոկոսը ծածկել, երկու տարվա ընթացքում պետք է ծածկենք 70 տոկոսը»,-ասաց նա:
Վարչապետի նշեց, որ կառավարության ձևավորումից հետո այս թեմային նորից կանդրադառնան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան