Ուրիշ ճար չունենք, պիտի ուժեղ բանակ ունենանք, հզոր երկիր. Մանվել Գրիգորյան
«Երկրապահ»-ը քաղաքականությամբ չի զբաղվում, այդ կառույցի մեջ տարբեր կուսակցական մարդիկ կան, որոնք զբաղվում են, ընդ որում՝ բոլոր կուսակցություններից կան։ Այս մասին մայիսի 12-ին Եռաբլուրի բարձունքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանը։
Նա նշեց՝ որպես անձ՝ ԵԿՄ անդամներն ազատ են իրենց քաղաքական դիրքորոշումներում, բայց որպես երկրապահ՝ իրավունք չունեն ինչ-որ քաղաքական բան անել։
«Ես ՀՀԿ խմբակցության անդամ եմ, բայց կուսակցական չեմ ու չեմ լինելու։ Ես երկրին եմ աջակցում, երկրապահը ոչ մեկի սեփականությունը չէ»,- ասաց նա։
Գրիգորյանը նշեց, որ Երկրապահը չի կարող պետությանը կամ պետականությանը դեմ գնալ, իրենք ռազմահայրենասիրական դաստիարակություն են տալիս, երկրի համար լավ մարդ են դաստիարակում, և ոչ մի երկրապահ չի կարող երկրին ու ժողովրդին դեմ գնալ, իսկ բանակը ստեղծվել է հենց Երկրապահի հիմքի վրա։
ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի մասին Գրիգորյանն ասաց. «Ինքը զինվորական տղա է, ամեն ինչ լավ գիտի, բանակը պատկերացնում է՝ մյուսներից ոչ պակաս»։
Նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ համեմատությունը նա տեղին չհամարեց, նշեց, որ ամեն մարդ իր գործելաոճը, իր տակտիկան ունի։
Հարցին՝ Երկրապահը անհրաժեշտության դեպքում կարձագանքի երկիրը պաշտպանելու խնդրին, նա պատասխանեց, որ Երկրի պաշտպանության համար իրենցից ոչ մեկին պետք չի խնդրել, ԵԿՄ անդամներն ամսվա մեջ երկու անգամից ոչ պակաս լինում են սահմաններում կամ առաջնագծում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հակամարտության վերաբերյալ արտահայտած տեսակետներին անդրադառնալով՝ Գրիգորյանը նշեց, որ Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին պետք է խոսվի, բայց դա իրատեսական չէ։ Նա նշեց՝ բանակցությունները պարզապես ժամանակ շահելու համար են, սակայն դրանով հարցի լուծում չկա։
«Այսօր եթե հնարավոր լիներ, Սիրիայում և այլ երկրներում կբանակցեին։ Կարողացանք՝ մեզ պիտի պահենք, ուրիշ ճար չունենք, պիտի ուժեղ բանակ ունենանք, հզոր երկիր, ինքներս մեզ պաշտպանենք»,- ասաց նա։