Վիգեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարի ռազմադրոշը
Մայիսի 12-ին, ըստ ձևավորված ընթացակարգի, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գերատեսչության նոր ղեկավար Դավիթ Տոնոյանին է հանձնել պաշտպանության նախարարի ռազմադրոշը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած արարողությանը նախորդել է բազմաժամ բրիֆինգ, որի ժամանակ Վիգեն Սարգսյանը, ըստ ուղղությունների, խնդիրների և ծրագրերի, Դավիթ Տոնոյանին է ներկայացրել վերջին մեկուկես տարվա ընթացքում պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքը:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վիգեն Սարգսյանը զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի և Հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանն ուժեղ նախարար է լինելու. Սեյրան Սարոյան
- ՊՆ-ում ներկայացրել են պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին
- Դավիթ Տոնոյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար. Վարչապետ