Արցախում մոտ 12 հազար հա գարնանացան է կատարվել
Հանրապետությունում գարնանացան մշակաբույսերի հերկի տակ 11 հազար 560 հա ցանքս է կատարվել, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է ավելի քան 1000 հա-ով, սակայն գարնանացան աշխատանքները դեռևս շարունակվում են:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ մանրամասնելով, որ հասկավոր հացահատիկները (ցորեն, գարի, հաճար, վարսակ) կազմում են ավելի քան 2200 հա, եգիպտացորենը՝ 2117 հա, հնդկացորենը՝ 581 հա, արևածաղիկը՝ 2402 հա, հլածուկը՝ 208 հա, սոյան՝ 53 հա, կտավատը՝ 1816 հա:
Փոխնախարարի խոսքով՝ ընդեղեն մշակաբույսերից սիսեռը կազմում է 96 հա, ոլոռը՝ 65 հա, ոսպը՝ 50 հա, լոբին՝ 85 հա:
«Արդեն ցանվել են շուրջ 800 հա բանջարաբոստանային կուլտուրաներ, որից ավելի քան 180 հա-ը կազմում է սոխը, 546 հա-ը՝ կարտոֆիլը: Ցանվել են նաև բազմամյա խոտաբույսեր՝ առվույտ և կորնգան, ինչպես մաքուր ցանքսերով, այնպես էլ ենթացանքսերով: Առվույտի մաքուր ցանքսը կազմում է 197 հա, ենթացանքսով՝ 204 հա, կորնգանի մաքուր ցանքսը կազմում է 334 հա, ենթացանքսով՝ 242 հա: Ինչ վերաբերում է կատարված գարնանացան դաշտային աշխատանքներին, ապա այս ընթացքում տարվել է մոլախոտերի դեմ պայքար 30 հազար 359 հա ցանքատարածություններում, որը, նախորդ տարվա համեմատ, ավել է գրեթե 4 անգամ, պայքար մկնանման կրծողների դեմ՝ շուրջ 59.5 հազար հա-ի, և գնայուկ բզեզի դեմ՝ շուրջ 5900 հա-ի վրա:
Ազոտական պարարտանյութերով սնուցում իրականացվել է 29 հազար 167 հա-ի վրա, իսկ տերևային սնուցում կատարվել է 16 հազար 355 հա-ի վրա: Ներկայումս դաշտերում իրականացվում է շարահերկ կուլտուրաների միջշարային տարածքների կուլտիվացիա, մասնավորապես՝ արևածաղկի և եգիպտացորենի: Հիմնական աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին, սակայն առանձին աշխատանքներ կլինեն նաև հունիս ամսվա սկզբներին»,- մասնավորապես նշել է Վ. Ավետիսյանը:
ԱՀ գյուղատնտեսության փոխնախարարի խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ոչ բարենպաստ եղանակային պայմանների արդյունքում արձանագրվել են կարկտահարության դեպքեր Ասկերանի, Հադրութի և Մարտունու շրջաններում: Ներկայումս տեղում ստեղծված հանձնաժողովները իրականացնում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կկազմվեն արձանագրություններ և կորոշվեն պատճառված վնասի չափն ու մակերեսները:
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարար. Արցախում աշնանացանի այս տարվա ցուցանիշները գերազանցել են նախորդ տարվա արդյունքները
- Արցախի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները