Ժամանակն է եկել, որ մենք ոչ թե անձերով, այլ արդյունքով գնահատենք. Թևան Պողոսյան
«Գլխավոր խնդիրը, որ այսօր տեսնում եմ՝ ընկալումն է, որ այս փոփոխությունները միայն 18 հոգունը չեն, միայն մի փոքրիկ անկյունինը չէ, այլ բոլորինս է, և պետք է հասկանանք, թե ամեն մեկս նստած մեր տեղում արդյոք ճի՞շտ ենք աշխատում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
Նա շեշտեց՝ եթե ամեն մեկն իր պարտականությունը կատարի և հանկարծ պարզվի՝ մի նախարար կամ տեղակալ չի կարողանում սպասարկել այս փոփոխությունը, ապա բոլորն արդեն սովորել են լինել պահանջատեր։
«Պահանջատեր լինելու մեխանիզմները կան, պետք է դրանց տիրապետել։ Ինձ չեն հետաքրքրում իրականում անձերի քննարկման դաշտը, ես երբևէ այդ ոլորտի մեջ չեմ մտել, ոչ նախկինում ԱԺ-ում եղած ժամանակ, ոչ էլ հիմա։ Ինձ համար նպատակային ծրագիրը լինելու է գործողությունները, որոնք մեզ առաջարկվելու են։ Ամեն ինչ հիմնված է լինելու արդյունքի վրա, ժամանակն է եկել, որ մենք արդյունքով գնահատենք։ Սպասենք, տեսնենք, ամեն օր պահանջատեր ձևով վերահսկողությունը կատարենք, եկեք վստահության և հայտնի կոչով՝ դուխով գնանք առաջ»,- ասաց Պողոսյանը։
Նախագահի խորհրդականը նշեց, որ ուրախ է տեսնել երիտասարդների, որոնք հնարավորություն ունեն համակարգը փոխելու։
Նոր ձևավորված կառավարության առաջնահերթությունները, Թևան Պողոսյանի խոսքով, պետք է լինեն այն անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, որոնք պետք է ապահովեն թե ընտրական բոլոր ինստիտուտների, թե հետաքննող ու դատական համակարգի փոփոխությունները. «Փոփոխություններն ընկալելու ու կյանքի կոչելու համար պետք է ճիշտ ներկայացվեն հանրությանը։ Ես ուրախ կլինեմ, եթե մեր բոլոր քաղաքական ուժերը, այս գործընթացին զուգահեռ ձևավորեն քննարկման սեղան, ֆորմատ, որտեղ ամեն անգամ կոնսենսուսով կորոշեն, որ իրենք բոլորը հավասար, ազնիվ ձևով գիտակցում և հասկանում են բոլոր գործողությունները, որոնք կատարվում են։ Նոր կոմունիկացիայի ձևը, միայն «լայֆը» չի, որ մտա ինչ-որ բան պատմեցի։ Պետք է հասկանալ, որ քո խոսքը պետք է դառնա հասկանալի, ինչու՞ եմ այս բարեփոխումն անում, որ հանրությունը ևս դառնա այդ բարեփոխման մասնիկը»։
ՀՀ նախագահի խորհրդականի կարծիքով՝ նախկին կառավարությունների մշտական սխալը եղել է այն, որ միգուցե և շատ լավ գաղափարներ ձևավորելով, երբևէ չեն հաղորդակցվել հանրության հետ։
Անդրադառնալով Սոչիում այսօրվա հանդիպմանը, Թևան Պողոսյանն ասաց. «Այսօր սպասել բոլոր խնդիրների լուծման՝ ամենամեծ սխալն է։ Այսօր լինելու են ծանոթություններ, մարդիկ փորձելու են իրար լեզու հասկանալ, սրանից հետո եկող քայլերից պետք սկսել մեր շահերը տանել առաջ»։