Չինաստանը 2022 թ-ին կսկսի աշխարհի ամենախոշոր երկկենցաղ-ինքնաթիռի մատակարարումները
Չինաստանը 2022 թվականին կսկսի աշխարհում AG600 խոշորագույն երկկենցաղ-ինքնաթիռի մատակարարումները: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
«Մենք նախատեսում ենք 2021 թվականին քաղաքացիական ավիացիայի իշխանություններից թռիչքային պիտանելիության հավաստագիր ստանալ և 2022թ-ին սկսել պատվիրատուներին օդանավի մատակարարումները»,- ասել է նախագծի գլխավոր կոնստրուկտոր Հուան Լինցայան:
Մասնագետի խոսքով՝ 2017-ի դեկտեմբերին առաջին հաջող թռիչքից հետո մշակողները նախատեսում են հուլիսի սկզբին ապարատի նախատիպը Չժուհայայից տեղափոխել Ցզինմեն: Այնտեղ օդանավը կիրականացնի տեղական ջրամբարի ջրի մակերևույթից առաջին թռիչքը:
AG600-ի կառուցման աշխատանքները սկսվել են 2009-ին: Առաջին փորձնական օրինակը հոսքագծից դուրս է եկել 2016-ի հուլիսին: Հիդրոօդանավը նախատեսված է քաղաքացիական ավիացիայի համար: Այն նախատեսված է անտառային հրդեհների դեմ պայքարի և փրկարարական աշխատանքների համար:
Օդանավի առավելագույն թռիչքային ծավալը կազմում է 53,5 տոննա, իսկ թռիչքի առավելագույն հեռավորությունը 4500 կմ, օդում այն կարող է մնալ 12 ժամ: Օդանավի երկարությունը 37 մ է, իսկ թևերի բացվածքը կազմում է 38.8 մ: