Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել
«Առողջպահության նախարարը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել. հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել»: Նման հայտարարություն է այսօր տարածել առողջապահության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նշված է. «Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մենք ուզում ենք փրկել մարդկային կյանքեր, այդ թվում երեխաների, մենք պետք է օգտագործենք գիտության ամբողջ արսենալը: Մեր ուղեցույցը պետք է լինի ապացուցողական բժշկությունը: Մեր երեխաները պետք է առողջ լինեն, ցանկացած մոտեցում պետք է գրագետ հենք ունենա և միտված լինի բնակչության առողջության պահպանմանը»:
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը «Գարդասիլ» պատվաստանյութի ակտիվ ջատագով է, գրառումներից մեկի ներքո Հայաստանը որակել է «չմո երկիր», կապույտ հազի հետևանքով չպատվաստված երեխայի մահվան մասին գրառման ներքո էլ գրել էր՝ «աստված պատժեց»: