Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ոչ ոք երբևէ չի դնի կասկածի տակ
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը մանրամասներ է հրապարակել Սոչիի հանդիպումից:
«Հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք ողջունել ու ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանդիպման սկզբում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր և դաշնակից, դա վերաբերում է և՛ տնտնտեսական փոխգործակցությանը, և՛ անվտանգության հարցերին: Դուք գիտեք, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում է արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսը: Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առևտրաշրջանառության 25 տոկոսի աճ, և առաջանցիկ տեմպերով աճում են ոուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս: Սա շատ լավ դինամիկա է, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլև բազմապատկել: Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչ այժմ: Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում, սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով, և՛ անվտանգության ոլորտում, և՛ տնտեսական զարգացման»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
«Վլադիմի՛ր Վլադիմիրի, շնորհակալություն ջերմ խոսքերի համար: Հաճելի է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց մի քանի օր անց հնարավորություն ունեմ հանդիպելու Ձեզ հետ, քանի որ կարծում եմ, որ կան քննարկվելիք հարցեր, բայց այն, ինչը քննարկման ենթակա չէ, դա վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին: Սկզբունքորեն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում Հայաստանում կա կոնսեսնուս, և հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ոչ ոք երբևէ չի դրել, և կարծում եմ, չի դնի կասկածի տակ: Մենք տրամադրված ենք և լի էներգիայով՝ նոր թափ հաղորդել մեր հարաբերություններին և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական ոլորտներում: Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում և այլ բնագավառներում: Այժմ Ռուսաստանից շատ զբոսաշրջիկներ են ժամանում Հայաստան, ինչը հաճելի է: Կարծում եմ՝ Հայաստանը դուր է գալիս ռուս զբոսաշրջիկներին, հայերին նույնպես շատ է դուր գալիս տեսնել այդքան զբոսաշրջիկներ Երևանում: Մենք շատ բարձր ենք գնահատում այն բալանսավորված դիրքորոշումը, որը Ռուսաստանն ուներ մեր ներքաղաքական ճգնաժամի ընթացքում և ես կարծում եմ, որ դա շատ կառուցողական դիրքորոշում էր, ինչը բարձր է գնահատվում ոչ միայն մեր կառավարության, այլ նաև հայ հասարակության կողմից: Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ անցած տոների կապակցությամբ, հետաքրքրիր էր հետևել Կարմիր հրապարակում անցկացված շքերթին: Մենք շատ տպավորված ենք այն ձեռքբերումներով, որոնք այժմ ունի ռուսական ռազմաադրյունաբերական համալիրը: Եվս մեկ անգամ շնորհակալություն այս հնարավորության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան