«Կրթական համակարգը որակապես բարելավելու հանրային մեծ պահանջ կա». քննարկում
«Մենք ոչ թե բարեփոխումների առաջարկություններ ենք ներկայացնում, այլ փորձելու ենք կրթության համակարգի համար նոր օրակարգ ներկայացնել։ Սկսած նախադպրոցական կրթությունից մինչև բուհական կրթություն՝ մենք ուրվագծել ենք կոնկրետ միջոցառումներ, որոնք մի մասով կարող են իրականացվել առաջիկա երկու ամսում, մյուս մասով էլ՝ առաջիկա տարում»,- այսօր «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» կողմից ներկայացված առաջարկությունների փաթեթի քննարկման ժամանակ ասաց նախաձեռնության անդամ՝ քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը։
Հանդիպմանը ներկա իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանը նշեց, որ իրեք անհրաժեշտ են համարում, որ նոր կառուցող ոլորտային քաղաքականությունը կառուցվի կրթության իրավունքահեն մոտեցման վրա։
»Սա այն կետն է լինելու, որի շուրջ մենք պատրաստվում ենք հանրայնացման և տարածման աշխատանքներ տանել»,- ասաց նա։
Նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանը հայտնեց, որ առաջարկությունների փաթեթը կներկայացվի օնլայն և բոլոր ցանկացողները կարող են մանրամասն ծանոթանալ դրան և իրենց առաջարկությունները ներկայացնել։
«Մենք ուզում ենք, որ կրթության նախարարությունը շատ ակտիվ դեր տա երկրի քաղաքականության մշակմանը։ Մինչ այժմ, կարծես, ավելի պասիվ դերում է հանդես եկել։ Շատ կարևորում ենք նաև այն, որ կրթության ոլորտում իրականացված ծրագրերի համապարփակ աուդիտ պետք է իրականացվի, հասկանալու՝ թե ոլորտում կատարված ծախսերը որքանով են եղել արդյունավետ, նպատակաուղղված և կոռուպցիոն ինչ ռիսկեր են ներառվել դրանց մեջ։ Մինչև սա չարվի, կարծում եմ՝ հետագա քաղաքականության իրականացումը շատ դժվար կլինի»,- ասաց նա։
Սոցիալական աշխատող Տաթև Խաչատրյանն էլ նշեց, որ որոշակի կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար նաև առաջարկում են բարձրացնել տեխնիկական սպասարկման աշխատակիցների աշատավարձները, ինչը կնպաստի որ ծնողները կամ ուսանողները որոշակի գումաներ չհավաքեն շենքային մաքրության հարցերը լուծելու համար. «Միգուցե փոքր խնդիր է, բայց իր մեջ ֆինանասական ռիսկ է պարունակում»։
«Շատ կցանկանամ, որ ապագա կառավարությունում կրթության և գիտության նախարարին տրվի փոխվարչապետի կարգավիճակ, քանի որ չենք կարող կրթության համակարգը բարեփոխել, եթե չունենք ազդեցություն մշակույթի, առողջապահության ոլորտի, սպորտի և երիտասարդության նախարարության վրա, այսինքն՝ մի շարք գերատեսչությունների, որոնք նույնպես պետք է կրթական ազդեցություն կրեն»,- ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Փորձագետի կարծիքով՝ կրթական համակարգը որակապես բարելավելու հանրային մեծ պահանջ կա. «Պետք է միասին փորձենք Հայաստանին տրված այս հնարավորությունը նաև կրթության ոլորտում արտահայտել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները