«Հարսնացուն հյուսիսից». Մայր թատրոնի բեմում մայիսի 16-ին
Մայր թատրոնում մայիսի 16-ին ներկայացման պրեմիերա է. հանդիսատեսի դատին է ներկայացվելու «Հարսնացու հյուսիսից» քնարական կատակերգությունը: Բեմադրության հեղինակը Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն է: Մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց՝ որոշեցին տուրք մատուցել մեծերից Ժորա Հարությունյանին, ով պիեսի հեղինակն է և ում իննսունամյակն է հաջորդ տարի, հեղինակ, ում գործերը բազմիցս բեմադրվել են Սունդուկյանում և մյուս թատրոններում, և ով խիստ փնտրված է:
Ներկայացման մեջ հնչում են կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի երգերից՝ թե նրանք, որոնք գրված են այս գործի համար, և էլի որոշ այլ գործերից: Էլբակյանն ասաց, որ ներկայացումը նվիրված է Վարդան Աճեմյանի հիշատակին, ով առաջինը հարթակ բարձրացրեց այս ստեղծագործությունը:
Հարցին՝ որքանով է արդիական այս ներկայացումը, նա պատասխանեց. «Աշխարհի չգիտես որ կորած-մոլորած մի գյուղում մի ռուս աղջիկ է ապրում, ու կորած-մոլորած հայկական գյուղից մի տղա հայտնվել է այդտեղ, և տեսնում ենք երկու տարբեր մշակույթների, սովորույթների հանդիպում, հայտնվում է սերը, բարոյականությունը, տեսնում ենք՝ ինչ մաքրությամբ են շփվում իրար հետ՝ անկախ նրանից, թե ինչ ժամանակներ են ապրում և ինչ է պահանջվում նրանցից համակեցության համար: Եթե հայացք չգցենք անցյալին, ներկան էլ չենք հասկանա»:
Էլբակյանն ասաց՝ այս աշխարհում իրար մերժող մշակույթներն անգամ պետք է գտնեն ելք՝ ինչպես ապրել, որ խաղաղություն լինի աշխարհում, ու շարունակեն ապրել: Նրա գնահատմամբ՝ այս պիեսը գրված է հրաշալի գրչով, պարզությամբ և առանց սեթևեթանքի: Ներկայացման մեջ զբաղված են թե ավագ սերնդի ներկայացուցիչներ, թե երիտասարդներ: