«Քննարկումներ են սկսվել պետպատվերով համապարփակ առողջապահական ծածկույթ ապահովելու ուղղությամբ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին` խնդիր է դրել լուծել կենսական նշանակության մի հարց. Հայաստանում բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած քաղաքացի պետք է ունենա հիվանդանոցային բուժման հնարավորություն։
«Ցավոք, պետական պատվերի համակարգը սպառել է իրեն, և մենք պետք է փորձենք այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի կարողանանք լուծել ռազմավարական նշանակության այդ հարցը»,-ասել է վարչապետը։
ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նա հույս է հայտնել, որ առկա խնդիրները կլուծվեն հնարավորինս կարճ ժամանակում, բայց առավելագույն արդյունավետությամբ` մի կողմից կարևորելով թանկարժեք ժամանակը չկորցնելը, մյուս կողմից` շտապողական քայլերով նոր խնդիրներից խուսափելը։
Կառավարության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել նախարար Լևոն Ալթունյանին կատարած աշխատանքի համար։ Իսկ նորանշանակ նախարարին աշխատանքային հաջողություններ է մաղթել։
Շնորհակալություն հատնելով վստահության համար` Արսեն Թորոսյանը նշել է, որ արդեն հասցրել է մոտիկից ծանոթանալ ոլորտում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքին, և նախաձեռնություններ են մշակվում հանրության կողմից միանշանակ չընդունված խնդիրների լուծման ուղղությամբ։
«Արդեն քննարկումներ են սկսվել նաև պետպատվերի շրջանակում համապարփակ առողջապահական ծածկույթ ապահովելու ուղղությամբ»,-ասել է Արսեն Թորոսյանը։
Նա շեշտել է, որ համակարգում իրականացվող հաջողված բոլոր ծրագրերը կզարգանան, որոնք շտկումների կարիք ունեն` կշտկվեն, միաժամանակ նոր ուղղություններ կընդգրկվեն։
«Մեր որոշումները չպետք է լինեն որևէ տեղից պարտադրված կամ ունենան կոռուպցիոն ռիսկեր։ Եթե կայացնենք որևէ որոշում, ուրեմն փաստարկներով համոզվել ենք դրա անհրաժեշտության և կարևորության մեջ։ Հետևաբար, նույն փաստարկներով պետք է կարողանանք համոզել նաև հանրությանը, որ սա հենց այն է, ինչն իրեն անհրաժեշտ է»,-ասել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունը չպետք է մոռանա, թե ում շնորհիվ և ում մանդատով է դարձել իշխանություն։
Այս ենթատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է կառավարության գործողությունների պատճառահետևանքային կապերի հստակությունը։ Նա ցանկացած որոշման կատարման կարևոր բաղադրիչ է համարել հանրության աջակցությունը։
Հետևաբար, բոլոր որոշումները պետք է հասկանալի լինեն մարդկանց համար։ Նա հորդորել է մշտապես երկխոսության մեջ և հաշվետու լինել հանրությանը։
«Մեզանում հանրությանն արդյունավետ որոշումների կայացման մասնակից դարձնելու մշակույթ պետք է ձևավորենք»,-ասել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ այժմյան կառավարությունը ժողովրդի վստահության կառավարություն է։ Հանրությունն ունի ինչպես իշխանության բերելու, այնպես էլ հեռացնելու հնարավորություններ։
Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ծառայությունները կատարել առավելագույն բարեխղճությամբ և արդյունավետությամբ։