
Քաղաքապետարանի առաջ վաղը ևս բողոքի ակցիա են նախատեսում անցկացնել
Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիներն այսօր էլ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Այստեղ էին նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Այսօր ես չեմ կանգնի ցուցարարների կողքին, որովհետև շատ այլ գործեր էլ ունեմ: Ցույցի մասնակիցները դրսում են գործ անում, ես՝ ներսում»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը:
Նա ևս պնդում է, որ գործող քաղաքապետը պետք է հրաժարական տա:
Որպես պատճառ ակցիայի մասնակիցները նշում են հասարակական տրանսպորտի վատ վիճակը, մայրաքաղաքում առկա այլ խնդիրները:
Հայտարարվեց, որ վաղը ևս հավաքվելու են քաղաքապետարանի շենքի դիմաց, այդտեղից երթով քայլելու են դեպի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քննվելու է ՊՊԾ գունդը գրաված խմբի գործը:
Այսօր քաղաքապետարանի դիմաց հավաքին հետևեց ավտոերթ: