Շիրակի պետական համալսարանի ռեկտորը հրաժարական տվեց
«Առաջիկայում Շիրակի պետական համալսարանում տեղի կունենան բուհի ռեկտորի նոր ընտրություններ»,- այս մասին հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ով այսօր ՇՊՀ-ում էր։
Համալսարանում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշեց, որ մինչ բուհի ռեկտորի նոր ընտրությունները բուհը կղեկավարի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը:
«Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է դիմել, ինչը ողջունելի և փոխզիջումային քայլ է։ Ես պորֆեսորադասախոսական կազմին խորհուրդ եմ տալիս չսրել իրավիճակը: Սա լուծում է, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից: Նախարարությունը ելնելու է բացառապես ոլորտի շահերից, և որևէ մեկին առավելություն չի տրվելու: Ես հաջորդ շաբաթ կրկին կգամ Գյումրի, կհանդիպեմ դասախոսների և ուսանողների հետ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ ռեկտորի պաշտոնակատարին խնդրելու է, որպեզսի դիտարկի հեռացված երկու դասախոսների վերականգման հնարավորությունը առաջիկա շաբաթների ընթացքում։
«Կարծում եմ, բոլոր մնացած բուհերում և ուսումնական հաստատություններում խնդիրները պետք է այսպես լուծվեն՝ բանակցությունների ու փոխզիջումների միջոցով: Պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, պետք է հաշվի առնեք, որ Հայաստանում ունենք նոր իրողություններ, բայց այդ իրողությունները չպետք է մեզ հանեն օրենքի ու օրինականության դաշտից: Նախարարությունն ամբողջությամբ շահագրգիռ կողմերի տրամադրության տակ է: Մենք կողմնապահություն չունենք, ԿԳՆ ելնելու է ոլորտի շահերից, և որևէ մեկին առավելություն չենք տալու»,- հավելեց նախարարը։
Ասուլիսին ներկա Սահակ Մինասյանը շեշտեց, որ իր կողմից մինչ բուհի ռեկտորի նոր ընտրությունները, պաշտոնը լքելու որոշումը կապ չունի բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականի հետ:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե կմասնակցի՞ բուհի ռեկտորի նոր ընտրություններին՝ Մինասյանը պատասխանեց. «Հետոյի մասին կասեմ հետո»։
Հարակից հրապարակումներ`
- Ցոլակյանը ՇՊՀ խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել
- Բախշյանը ՇՊՀ-ի վիճակի թիվ մեկ պատասխանատու է համարում Ցոլակյանին
- Շիրակի պետհամալսարանի ռեկտորը դիմել է ուսանողներին
- Գյումրիում պահանջում են ՇՊՀ ռեկտորի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան