ՄԻՊ-ը հոգեբուժարանում հարկադիր պահված անձի իրավունքների խախտում է արձանագրել
Ամիսներ առաջ քաղաքացին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին և հայտնել, որ իրեն առանց որևէ հիմքի պահում են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում այն պարագայում, երբ ինքը հրաժարվել է հոսպիտալացվելուց:
ՄԻՊ աշատակազմից հայտնում են, որ անձի բանավոր հաղորդման հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասու ներկայացուցիչներն այցելել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, առանձնազրույց ունեցել տվյալ անձի, նրան բուժող բժշկի, ինչպես նաև նրա մոր հետ: Միաժամանակ ուսումնասիրվել են դիմումատուի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:
Հաշվի առնելով դիմումատուի վիճակի խոցելիությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկում սկսելու մասին որոշում: Արձանագրված բոլոր խնդիրների վերաբերյալ պահանջվել են պարզաբանումներ ՀՀ առողջապահության նախարարությունից:
Քննարկման արդյունքում ի հայտ են եկել անձի իրավունքների ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ իր կամքին հակառակ հոսպիտալացվելուց հետո չի ենթարկվել հոգեբուժական հանձնաժողովային զննության, հոգեբուժարանը չի ապահովել անձի բացօթյա զբոսանքի իրավունքը, ֆիզիկական զսպում կիրառելիս չի պահպանվել դրա կարգը, չի ապահովել անձի իրազեկված համաձայնության իրավունքը, ինչպես նաև պատշաճ չի վարվել նրա հիվանդության պատմագիրը։
Արդյունքում, Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին որոշում և ՀՀ առողջապահության նախարարին առաջարկել է.
1) անձի իրավունքների խախտման կապակցությամբ անհապաղ իրականացնել ուսումնասիրություն՝ իրավասու անձանց պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով,
2) բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների խախտումների նման դեպքերը,
3) բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության հոսպիտալացումը՝ առանց հոգեբուժական հանձնաժողովի կողմից պարտադիր հետազոտվելու,
4) պատշաճ վերահսկողություն իրականացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների մասին վերջիններիս իրազեկման, ինչպես նաև բժշկական փաստաթղթերի պատշաճ վարման գործընթացների նկատմամբ,
5) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրականացման ընթացակարգերը սահմանել օրենսդրական մակարդակում,
6) նախաձեռնել օրենքի փոփոխության նախագիծ, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի որոշ հրամաններ։